Տիգրան Գաբրիելյանը ներկա է գտնվել ՀԱԱՀ-ում կազմակերպված աշխատանքի տոնավաճառի. մասնակցել է շուրջ 60 գործատու
EconomicsՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է նոյեմբերի 8-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) կազմակերպված «Ստացի՛ր կրթություն, գտի՛ր աշխատանք, կառուցի՛ր կարիերա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին:
Տոնավաճառի նպատակն էր ստեղծել յուրահատուկ հարթակ գործատուների, ուսանողների եւ շրջանավարտների միջեւ: Միջոցառմանը մասնակցել են շուրջ 60 գործատուներ, այդ թվում` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ ԿԵ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ֆինանսական կառույցներ, հայաստանյան առաջատար արտադրողներ, հասարակական կազմակերպություններ:
Միաժամանակ գործատուներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու թափուր աշխատատեղերի հավակնորդների հետ, գտնելու համապատասխան գիտելիքներ եւ հմտություններ ունեցող մասնագետներ։
Ողջունելով աշխատանքի տոնավաճառի մասնակիցներին` Տիգրան Գաբրիելյանը մասնավորապես նշել է, որ այս միջոցառումը հնարավորություն է ստեղծում ներկայացնելու այն պահանջները, որոնք այսօր գործատուն դնում է աշխատուժի առջեւ, բուհերի աշխատանքն ուղղելու ժամանակի եւ շուկայի պահանջներին համապատասխան որակյալ մասնագետների պատրաստմանը, որոնք կհամալրեն աշխատաշուկայում առկա թափուր աշխատատեղերը:
Այնուհետեւ Տիգրան Գաբրիելյանը շրջել է տոնավաճառի տարածքով, ծանոթացել գործատուների կողմից առաջարկվող աշխատատեղերին, աշխատանքային պայմաններին, զրուցել գործատուների եւ աշխատանք փնտրող երիտասարդների հետ: