«Դուդուկը սաքսաֆոնի նախապապն է»
International newsregion29.ru-ն «Դուդուկ՝ սաքսաֆոնի նախապապ. Պոմորիեում սկսում է մասսայականություն ստանալ հայկական երաժշտական գործիքը» վերնագրով հոդվածում գրում է, որ հայկական ծիրանենուց պատրաստված երաժշտական գործիքը՝ դուդուկը, իր մեջ ներառում է պատմություն, իմաստություն, փափկություն և ծավալ։
Երաժիշտ-սաքսաֆոնիստ Լեոնիդ Մաքսիմովը երևի թե առաջին հյուսիսցին է, որը ձեռքն է վերցրել հայկական դուդուկը և սկսել դրանով ելույթներ ունենալ։
Ըստ նրա, նվագելով առաջին նոտան՝ ինքը հասկացել է, որ դուդուկը սաքսաֆոնի նախապապն է, և չնայած սաքսաֆոնն ունի գեղեցիկ ձայն և ուշադրություն է գրավում, բայց նրա նախապապը ավելի մեծ կշիռ, իմաստություն և հարգանք ունի։
Դուդուկի նկատմամբ հակումը վերածվել է մեծ համերգի, իսկ դրա իրականացմանը նպաստել են սևերոդվինսկցի երաժիշտները։
Դուդուկը հարգանք և փառք ունի ոչ միայն իր ձայնի պատճառով։ Այդ գործիքը պատրաստելու համար պահանջվում են գիտելիքներ, վարպետություն և ժամանակ։
Որպես կանոն՝ այն պատրաստվում է ծիրանենու փայտից, որը նախօրոք չորացվում է հինգ տարի։ Ապա գործիքագործ վարպետը պատրաստում է գործիքը և նրա հնչեղությունը հասցնում կատարյալի։
Հայաստանում դուդուկը անվանում են նաև «ծիրանափող։ 2005 թվականին հայկական դուդուկի մեղեդին համարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց։
Չնայած դուդուկի ինքնատիպությանը, Սևերոդվինսկում կայացած համերգում հնչել են հանրահայտ կոմպոզիցիաներ, ընդ որում՝ երաժիշտները չեն մոռացել նաև սաքսաֆոնի մասին։
Կամո Խաչիկյան