Հայաստանի ոգու մի մասնիկ Կամչատկայում
International newsm-news.ru-ն «Բազմատեսք Կամչատկան. հայ ժողովրդի սովորույթները և ավանդույթները հայրենիքից հեռու օգնում են պահպանել «Ուրարտու» կենտրոնը» վերնագրով հոդվածում գրում է, որ Կամչատկայի հայ համայնքի մասին է պատմել Կամչատկայի տարածաշրջանային ազգամիջյան «Համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահի տեղակալ և «Ուրարտու» մշակութային տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Արմենուհի Մուրադովնա Ենոքյանը:
Ըստ նրա պատմածի, «Ուրարտու» մշակութային կենտրոնը գործում է Կամչատկայում դեռևս 1989 թվականից, իսկ 2014 թվականին բացվել է նաև «Ռուսաստանի հայերի միության» մասնաճյուղը:
«Ուրարտուն» զբաղվում է հայ ժողովրդի սովորույթների և ավանդույթների մասսայականացմամբ և տարածմամբ:
Ներկայումս Կամչատկայում բնակվում է մոտ 3 000 հայ, և նրանց համար իրոք կարևոր է պահպանել ինքնատիպությունը, հիշել ավանդույթները և ուղղակի ազգային տոների ժամանակ հավաքվել մի տեղ, երգել ազգային երգեր, պարել ու շփվել մայրենի լեզվով:
Մի խոսքով, «Ուրարտուն» փորձում է իր հնարավորությունների սահմանում Կամչատկայում ստեղծել Հայաստանի ոգու մի մասնիկ: Կենտրոնն ունի պարի և երգի խմբեր:
Ընդ որում, այդ կոլեկտիվները ելույթներ են ունենում ոչ միայն հայերի նեղ շրջապատում, այլ նաև ակտիվորեն մասնակցում են մարզային և քաղաքային բոլոր միջոցառումներին, քանի որ երգն ու պարը ամենալավն են բացահայտում ժողովրդի ոգին և այդ ժողովրդին մերձեցնում այլ ազգերի հետ:
Կամո Խաչիկյան