«Ծիրանային մեղեդիներ». դուդուկի դարաշրջանը Խակասիայում
International newsmk-hakasia.ru-ն «Խակասիայում առաջին անգամ կհնչեն հայկական դուդուկն ու «Ծիրանային մեղեդիները»» վերնագրով հոդվածում գրում է, որ նոյեմբերի 17-ին Խակասիայի ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի կունենա «Ծիրանային մեղեդիներ» անվանումը ստացած համերգը:
Աբականցիների առջև ելույթ կունենա հայաստանցի երաժիշտ Արգիշտին:
Ըստ երաժշտական քննադատների, այդ երաժիշտը հմտորեն համակցում է դուդուկի հնչեղությունը այլ երաժշտական գործիքների հետ, և արդյունքում երաժշտությունը ստանում է անսպասելի և անկրկնելի նրբերանգ:
Արգիշտին նվագում է ինչպես ազգային մեղեդիներ, այնպես էլ իր ստեղծագործությունները:
Նա մասնակցել է բազմաթիվ էթնիկ փառատոների: mk-hakasia.ru-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ինքը այդ համերգով սկսում է դուդուկի դարաշրջանը Խակասիայում:
Արգիշտին ավելացրել է նաև, որ ինքը շատ է սիրում Սիբիրը և եղել է այդ երկրամասի արդեն շատ քաղաքներում, իսկ Աբականում ելույթ կունենա առաջին անգամ, և դա միայն սկիզբն է:
Կամո Խաչիկյան