Նոր մանրամասներ՝ Սյունիքում ողբերգական ավտովթարից. մահացած վարորդը զինծառայող էր (ֆոտո)
Event of the dayԻրավապահները պարզել են նոյեմբերի 20-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով տեղում մահացածների, վիրավորների եւ վարորդի ինքնությունը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է՝ ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենան վարել է Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արամ Գ-ն, ինչի հետեւանքով ինքը եւ ուղեւոր՝ համագյուղացի, 45-ամյ Նվեր Մ-ն տեղում մահացել են, իսկ վերջինիս կինը՝ նույն գյուղի բնակիչ, 41-ամյա Կարինե Ղ-ն, նրա դուստրերը՝ 16-ամյա Սոնա Մ-ն, 17-ամյա Նվարդ Մ-ն եւ որդին՝ 6-ամյա Վլադիկ Մ-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Արամ Գ-ն ծառայում էր ՀՀ ՊՆ թիվ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ վիրավոր երեխաները սովորում են Բռնակոթ գյուղի միջնակարգ դպրոցի տարբեր դասարաններում։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 20-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում ВАЗ 2109 մակնիշի 34 NC 519 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռեւս անհայտ հանգամանքներում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Իշխանասարի խաչմերուկից դեպի Սիսիան տանող ճանապարհահատվածում դուրս էր եկել երթեւեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում։
Վթարի հետեւանքով 2 հոգի տեղում մահացել էր, որոնց մարմիները հայտնաբերվել էին ավտոմեքենայից դուրս, իսկ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։