Առայժմ՝ քավության նոխազները. շուտով ալիքը կտարածվի ողջ իշխանության վրա. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Նախօրեին բողոքի հերթական ակցիաներն էին կառավարության շենքի առջև:
Ընդ որում, ակնհայտ է, որ գնալով ընդլայնվում են դժգոհ մարդկանց շրջանակն ու դժգոհության ոլորտները, քանի որ իրենց խնդիրների լուծման համար այլ ելք չունենալով՝ քաղաքացիները ստիպված են լինում ակցիաներ կազմակերպել կառավարության շենքի առջև, և բողոքավորների թիվը հատկապես մեծ է լինում հինգշաբթի օրերին, երբ սովորաբար տեղի են ունենում կառավարության նիստերը։
Սակայն ուշադրության է արժանի նախօրեի ակցիայի ժամանակ տեղի ունեցած մի միջադեպ, որ մեծապես բնորոշում է, թե ինչպիսի վիճակ և տրամադրություններ են տիրում հասարակության շրջանում:
Բողոքող քաղաքացիների մոտ հերթական անգամ եկել էր վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը:
Նա քաղաքացիների մոտ էր դուրս գալիս նաև նախկին կառավարությունների ժամանակ և սովորաբար լսում էր դժգոհողներին, զրուցում նրանց հետ: Իհարկե, դրանց ընթացքում էլ թեժ խոսակցություններ եղել են, սակայն երեկվա նման դեպք երբեք չի եղել:
Արժանապատիվ քաղաքացիներն «իրենց պաշտոնյան է, ինչ կուզեն, կանեն» սկզբունքով խայտառակ վիրավորանքներ տեղացին Ղազարյանի հասցեին, անպատվեցին ու անվանարկեցին: Հասկանալի է՝ այս պարագայում Ա. Ղազարյանը քավության նոխազ էր, և նրա փոխարեն կարող էր լինել մեկ այլ պաշտոնյա:
Փաստացի մարդիկ այդպես արտահայտվում էին կառավարության մասին:
Արտահայտվում էին անթույլատրելի բառապաշարով, ծայրահեղ վրդովված:
Հենց սա է այն ատելության, չարության, մաղձի մթնոլորտը, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնում են մտածող մարդիկ, զգուշացնում, որ դա շրջվելու է հեղափոխական թիմի դեմ:
Սակայն հեղափոխականները մնում են անդրդվելի և ցանկություն չունեն փոխել իրենց մոտեցումն այս հարցում, քանի որ իշխանությունը պահելու իրենց մոտիվացիան հիմնված է թշնամանքի վրա։ Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանի հայտարարությունները ևս փաստում են այդ մասին։ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով իրեն ուղղված հարցին, նշեց. «Անընդհատ ասում են ատելության քարոզ:
Իսկ ո՞վ և որտե՞ղ է տանում այդ ատելության քարոզը:
Գիտե՞ք, եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգացումը ատելությունն է, դրանում իմ մեղքը ո՞րն է:
Մենք ո՞ւմ ենք կոչ արել, որ ատեն, ընդհակառակը, մեր հեղափոխությունը եղել է սիրո և համերաշխության հեղափոխություն»:
Հարցն այն է, որ եթե հասարակության մեջ այդքան ատելություն կար, ապա ինչո՞ւ այն սկսեց դրսևորվել հենց իշխանափոխությունից հետո։
Եթե սիրո և համերաշխության հեղափոխություն էր, ապա ինչո՞ւ այդ հեղափոխության առաջամարտիկները քայլեր չձեռնարկեցին ատելությունը համերաշխության տրանսֆորմացնելու համար։
Սրանք այն հարցերն են, որ ցույց են տալիս՝ Փաշինյանը հրաժարվում է իր վրա վերցնել այն պատասխանատվությունը, որ հենց ինքն է քաղաքական հակառակորդների նկատմամբ թշնամանք սերմանելու, հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու հայտարարություններով հանրության շրջանում ներմուծել ատելության և մաղձի մթնոլորտը։
Ավելին, ներկա իշխանությունների հետևողական ջանքերի արդյունքում է, որ այսօր հանրության շրջանում ատելության մթնոլորտը հասել է վտանգավոր չափերի, և քանի որ հեղափոխականներն են պատասխանատու երկրի կառավարման և զարգացման համար, ապա նրանց չի հաջողվելու անընդհատ այդ ատելությունն ուղղորդել նախկինների ուղղությամբ։
Ու շատ շուտով կուտակված չարության և ատելության ամպրոպը պայթելու է իշխանության գլխին։ Անիվն արդեն գլորվել է, և եթե այսօր արդեն խայտառակ վիրավորանքներ են տեղում Ալեքսանդր Ղազարյանի հասցեին, ապա վաղն այդ վիրավորանքների թիրախը ողջ իշխանական թիմն է դառնալու։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում