Կոնստանտին Իշխանովի մեծ ներդրումը հայկական մշակույթը և հայ երաժիշտներին աշխարհում ճանաչելի դարձնելու գործում
CultureՆոյեմբերի 1-9 Երևանում անցկացվեց «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։
Բացառիկ այս երաժշտական նախաձեռնությունը‚ որը Երևան էր բերել մեր ժամանակների լեգենդար կոմպոզիտորների ու մենակատարների‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կյանքի կոչեց աջակիցների՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի հետ համատեղ։
Փառատոնը միջազգային ստանդարտներ ներմուծող երաժշտական նախաձեռնություն է‚ որն արդեն բարձր գնահատականի է արժանացել երաժշտական աշխարհում։ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Սերգեյ Սմբատյանն առանձնացրեց Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի և վերջինիս նախագահ Կոնստանտին Իշխանովի դերը փառատոնի կայացման գործում.
«Կոնստանտին Իշխանովը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լավագույն բարեկամներից է, որը միշտ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին ընդգրկում է իր ծրագրերում։ Նվագախումբը միշտ նման մարդկանց կարիք ունի, որոնք հավատում ու աջակցում են մեզ։ Նա պատկերացնում է, թե իր աշխատանքով ինչպես կարող է օգտակար լինել հայկական մշակույթին ու Հայաստանին։
Կոնստանտին Իշխանովը մեծ ներդրում ունի նաև հայկական մշակույթը, հայ երաժիշտներին աշխարհում ճանաչելի դարձնելու գործում։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման մարդիկ այդպես ոգևորված ու նվիրված էլ մնան։
Այն, ինչ նա է անում, ես չէի էլ պատկերացնում մինչև նրա հետ ծանոթանալը։ Հայրենասեր է, ու երբեք իր կատարած աշխատանքի մասին չի խոսում։ Համեստորեն իր գործն է կատարում, չի փառաբանում, հարցազրույցներ չի տալիս։ Հարցնում է՝ պե՞տք է օգնել՝ օգնեմ»։
Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը և նրա ղեկավարը մեծ աջակցություն են ցուցաբերում ոչ միայն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, այլև բազմաթիվ հայ երաժիշտներին ու հայաստանյան կոլեկտիվներին: Օգնում են ներկայանալ համաշխարհային լսարանին, ինչն այնքան կարևոր է հայկական մշակույթը հանրահռչակելու համար։
«Մենք շատ ենք խոսում աշխարհում հայկական մշակույթի տարածման, հանրահռչակման անհրաժեշտության մասին։ Սրանից լավ տարբերակ չկա, այն էլ՝ մշակութային ոլորտում»,- ասում է մաեստրո Սմբատյանն ու ավելացնում, որ մենք նման մարդկանց պետք է փայփայենք ու ամեն ինչ անենք աշխարհում մեր ուրույն տեղն ու դերն ունենալու համար։
Արմինե Գրիգորյան