Եգիպտոսում ցուցադրել են մումիացված կենդանիների հնագույն հավաքածուն
CultureԱռաջին անգամ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի մերձակայքում ցուցադրվել է մումիացված կենդանիների հավաքածուն, որը հայտնաբերվել էր հնագույն դամբարանադաշտում, հաղորդում է BBC-ը:
Հնագետները հայտնաբերել են այդպիսի արժեքավոր գտածոն անցած տարի: Նրանք գտել են հարյուրավոր հնագույն արտեֆակտներ՝ ներառյալ դիմակներ, արձանիկներ, ինչպես նաեւ մումիացված կատուներ, կոկորդիլոսներ, կոբրաներ եւ թռչուններ:
Եգիպտոսի հնությունների նախարարությունում հայտնել են, որ ներկայումս անցկացվում են թեստեր, որոնց նպատակն է պարզել, թե արդյոք որոշ մումիացված կենդանիներ առյուծի ձագեր են:
Գտածոները հայտնաբերվել են Սաքարա բուրգի մերձակայքում, որը Եգիպտոսի հնագույն բնակավայրերից մեկն է: Այդ տարածքում տեղակայված էր Մեմֆիսի՝ ավելի քան երկու հազարամյակի ընթացքում Հին Եգիպտոսի մայրաքաղաքի դամբարանադաշտը:
Սաքարան տեղակայված է Կահիրեից 30 կմ հարավում եւ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: