Կայացել է Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի համանուն ներկայացումը Գարի Քյոսայանի հեղինակային երաժշտությամբ
CulturePast.am գրում է՝
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի հիման վրա ստեղծված ներկայացումը:
Քեն Քիզիի գլուխգործոցն ավելի ճանաչված է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի շարքին դասված Միլոշ Ֆորմանի ֆիլմով, որում բանտից հոգեբուժարան տեղափոխված արկածախնդիր Ռենդլ Մակ Մըրֆիի դերը մարմնավորեց Ջեք Նիկլսոնը:
Հայկական բեմում Մաք Մըրֆիին մարմնավորում է Արմեն Մարգարյանը։ Բեմադրության և վարկածի հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանն է:
Սա, թերևս երևանյան այն բացառիկ ներկայացումներից է, որի համար գրվել է հեղինակային երաժշտություն: Երաժշտության հեղինակը՝ կոմպոզիտոր, դաշնակահար, ջազմեն Գարի Քյոսայանն է, որի անունն արդեն իսկ ներկայացման հաջողության գրավականներից է:
Past.am-ին հայտնի է դարձել, որ սա բեմադրիչի և կոմպոզիտորի երկրորդ համագործակցությունն է: Առաջինը՝ «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումն էր:
«Այս անգամ էլ թեման, այսպես ասած իմն էր, և հաճույքով ընդունեցի Արմեն Էլբակյանի առաջարկը: Հատկապես, որ իր հետ աշխատելը շատ հեշտ է, երկուսս էլ արվեստին մեր յուրահատուկ մոտեցումն ունենք»,- ասում է Գարի Քյոսայանը:
«Երաժշտությունը գրել եմ երեք ամսվա ընթացքում: Ներկայացման առանցքային յուրաքանչյուր դրվագ իր երաժշտական թեման ունի: Կա գլխավոր թեմա, կան օժանդակ թեմաներ։ Երաժշտական ոճը՝ ջազի և դասականի միաձուլումն է։ Սակայն, կարևորն այն է, որ թեմաները առանձին երաժշտական կտորներ չեն, որ կա երաժշտական դրամատուրգիա և երաժշտությունն այս ներկայացման մեջ ևս կոչված է բացահայտելու մարդկային հոգեվիճակները»:
Ներկայացման հադիսատեսներից մեկն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել.
«Երբ հատվում են Էլբակյանի և Քյոսայանի մտքերը՝ ծնվում է հանճարեղ գործ»:
Այո, Գարի Քյոսայանի երաժշտությունը հզոր ուժ ունի, այն կարող է կերպար ու միջավայր ստեղծել, առավել ընկալելի դարձնել բեմում ներկայացվող իրադարձության փիլիսոփայությունը՝ տվյալ դեպքում պատմությունն այն մասին, թե ինչպես է մարդ արարածն ընդվզում հիվանդ իրականության դեմ և զոհաբերելով ինքն իրեն՝ փորձում ապրելու հույս ներշնչել նրանց, ովքեր մոլորվել են և փախչում են իրականությունից և, թե ինչ պետք է անի մարդ անհատը, որ ազատագրվի իր շուրջ տիրող քաոսից։