Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համատեղ աշխատանքը կշարունակեն հաջորդ տարվա սկզբին
TVԴեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ եւ մասնակցությամբ:
ԱԳ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաեւ հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների շրջանակում արձանագրված համեստ արդյունքը՝ Հայաստանի, Արցախից եւ Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացման միջոցով։ Դիտարկվեց այդ համատեքստում լրագրողների, հասարակությունների միջեւ նմանօրինակ ուղիղ ներգրավվածության շարունակման հնարավորությունը: Միաժամանակ ընդգծվեցին վստահության ամրապնդման այլ միջոցառումների ներդրման կարեւորությունը:
Անդրադառնալով նախօրեին Արցախի ԱԳ նախարարի հետ Երեւանում ունեցած հանդիպմանը՝ նախարար Մնացականյանը եւս մեկ անգամ ընդգծեց Արցախի իշխանությունների ուղիղ նեգրավման անհրաժեշտությունը, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ: