Տեղյակ չեմ. Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը՝ Տիգրան Սարգսյանի օֆշորի մասին
«Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ, ուստի չեմ կարող պատասխանել»,- այս մասին ՀՀ ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուին՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն տեղեկությունը, որը համաձայն մամուլի հրապարակումների, ՀՀ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Կիպրոսում օֆշորային գոտի էր գրանցել.
«Դուք մտածում եք՝ բոլորը մեր ցավերո՞վ են ապրում… Արժանապատիվ հարցեր տվեք»,- նշեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Հարցին, թե ինչպիսի՞ն է Կիպրոսի օրենսդրությունը, արդյոք հնարավո՞ր է Կիպրոսում օֆշորային գոտի գրանցել՝ առանց տվյալ մարդու իմացության, Յանակիս Օմիրուին պատասխանեց.
«Կիպրոսի օրինական դաշտը բավականին զարգացած է, մենք ԵՄ անդամ երկիր ենք և ԵՄ օրենքերով ենք առաջնորդվում: Եթե որևէ անձ ուզում է տեղեկություն ստանալ, կարող է դիմել ցանկացած փաստաբանական գրասենյակի»,- ասաց նա:
Մեկ այլ հարցի, թե արդյոք Կիպրոսում, որը ԵՄ անդամ երկիր է, օֆշորային սկանդալի մեջ մեղադրվող պաշտոնյային կնշանակեի՞ն դիվանագիտական պաշտոնում, Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը պատասխանեց. «Համաձայն Կիպրոսի Սահմանադրության և օրենքների՝ բոլորը հավասար են օրենքի առջև, բայց թույլ տվեք ՀՀ-ի ներքաղաքական կյանքին չանդրադառնալ»,- ասաց նա: