Իսրայելը Իրանի ռմբակոծությունն անվանել է միջուկային զենքի արտադրությունը դադարեցնելու հնարավոր տարբերակ
International newsԻսրայելը Իրանի ռմբակոծությունը համարում է գործողությունների հնարավոր տարբերակ՝ ուղղված նրան, որ Թեհրանը դադարեցնի միջուկային զենքի արտադրությունը, հայտնում է DW-ը։
«Այո, դա տարբերակ է»,- իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում, պատասխանելով համապատասխան հարցին, ասել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրաել Կացը։
«Մենք թույլ չենք տա Իրանին արտադրել կամ այլ կերպ ստանալ ատոմային զենք»,- հավելել է գործնական այցով Հռոմում գտնվող Կացը։
Դրա հետ մեկտեղ նա պարզաբանել է, որ ռազմական հարվածը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Իրանի վրա ազդելու այլ հնարավորություններ չմնան։ Իրանական տնտեսության վրա ԱՄՆ պատժամիջոցները ճնշման գործուն միջոց են, սակայն դրանք բավարար չեն, կարծում է Իսրայելի ԱԳՆ ղեկավարը։ Նրա խոսքերով՝ այդ մասին է վկայում, մասնավորապես, Թեհրանի կողմից Պարսից ծոցում այլ երկրների տանկերների գրավումը։ Եվրոպական երկրները պետք է խստացնեն քաղաքական կուրսն Իրանի հանդեպ, կարծում է Կացը։
Իրանական միջուկային ծրագրի շուրջ հակամարտությունը սրվել է 2018թ․ մայիսի 8-ին դրանից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց եւ Թեհրանի հանդեպ Վաշինգտոնի կողմից նավթի արտահանման պատժամիջոցների սահմանումից հետո։ Իրանական կողմի վարկածով՝ մնացած մասնակիցները, նախեւառաջ՝ եվրոպացիները, լիարժեք չեն կատարում համաձայնագրի տնտեսական մասով սահմանված իրենց պարտավորությունները, այդ պատճառով գործարքն իր այժմյան տեսքով իմաստ չունի։
2019թ․ ԱՄՆ-ը հայտարարել էր Պարսից ծոցում նավթային տանկերների անվտանգության ապահովման միջազգային կոալիցիայի ստեղծման մասին։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ հունիսին ԱՄԷ-ի եւ Իրանի միջեւ միջազգային ջրերում հարձակում էր կատարվել երկու տանկերների վրա, որի համար Վաշինգտոնը մեղադրել էր Իրանին։ Այնուհետեւ Ջիբրալթարի իշխանությունները Սիրիա իրանական նավթի տեղափոխման կասկածանքով կալանավորել էին Grace 1 տանկերը։ Դրան հետեւել էր Պարսից ծոցում նավթ տեղափոխող մի շարք տանկերների կալանավորումը Իրանի կողմից։