Իմ հայկական անունը եղել է Միքայել, ես եռարյուն եմ՝ ունեմ ռուսական, հայկական եւ լեհական արյուն. Պիոտրովսկի
CultureՌուսաստանի Առաջին ալիքը փաստագրական ֆիլմ է պատրաստել Պետական էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու մասին, որը դեկտեմբերի 9-ին դառնում է 75 տարեկան:
«Պահապանը» ֆիլմի նկարահանումների մի մասը ընթացել է Երեւանում, որտեղ 1944 թվականին ծնվել է հայտնի ակադեմիկոսը:
Պիոտրովսկին ֆիլմում ցույց է տվել հին Երեւանում իր ծնվելու տեղը: Նա պատմել է իր ընտանիքի մասին, որում եղել են մտավորականության միանգամից մի քանի ներկայացուցիչներ: Ալիքի նկարահանող խումբը Պիոտրովսկու հետ զբոսնել է Հայաստանի մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում, որը հարակից է Օպերայի թատրոնին:
«Իմ հայկական անունը Միքայել էր: Ռուսաստանի չափագրական մատյանում ես գրանցվել եմ այդ էկզոտիկ անունով: Քանի որ դա միեւնույն անունն է, ինչ եւ Միխայիլը, այն թարգմանել են»,- պատմում է Պիոտրովսկին:
Էրմիտաժի տնօրենը ցույց է տվել տունը, որտեղ ծնվել է, եւ որտեղ հիմա դրված է նրա հոր՝ ականավոր հնագետ Բորիս Պիոտրովսկու կիսանդրին:
«Ես եռարյուն եմ՝ ունեմ ռուսական, հայկական եւ լեհական արյուն: Իմ ազգությունը պարզ է՝ ժառանգական ռուս ազնվական երեք արյամբ: Այս պատճառով, երբ այստեղ եմ՝ ես ռուս «շովինիստ» եմ, երբ Ռուսաստանում եմ՝ հայ եւ լեհ «շովինիստ» եմ, երբ Լեհաստանում եմ՝ ռուս եւ հայ «շովինիստ» եմ»,- ասում է Պիոտրովսկին:
Միխայիլ Պիոտրովսկին Երեւանի կենտրոնում հանդիպել է հայազգի ռուսաստանցի բիզնեսմեն Ռուբեն Վարդանյանին, որն ակադեմիկոսին շնորհավորել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում ստանալու առիթով: Փաստագրական ֆիլմում ցույց են տրվում նաեւ պարգեւը հանձնելու արարողության կադրերը: