Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀԴՄ չխփելու համար ներում չի լինելու․ Նիկոլ Փաշինյան
Economics2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համամետ տպագրվել է 106․609․299 ՀԴՄ կտրոնով ավելի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա աստղաբաշխական թիվ է, և այս ՀԴՄ կտրոններով արձանագրվել է շուրջ 303 միլիարդ դրամ ավելի առևտրաշրջանառություն: Սա, իհարկե, շատ լավ է։ Մենք բավականին լավ վիճակագրություն ունենք հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դինամիկայի առումով եւ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ավելի է դուրս գրվել 18 միլիոն 425 հազար 72 հաշիվ ապրանքագիր»,-նշեց նա։
Նրա խոսքով՝ «2020 թվականի հունվարի 1-ից` Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ չխփելու որևէ պարագա, որը որևէ բարոյական, սոցիալական կամ որևէ առումով ներման ենթակա լինի»։
Վարչապետը շեշտեց՝ ՀԴՄ չթողարկող գործարարը գողանու է զինվորից։ «Գալու է 2020 թվականը` Նոր տարի և գալու է նոր մոտեցումը ՀԴՄ կտրոնների վերաբերյալ, ՀԴՄ կտրոն չտպելու որևէ դեպք բարոյական արդարացում չի ունենալու։ Ովքեր ասում են, թե հացի փող են աշխատում, հիմա ՀԴՄ-ները պարտադիր պետք է տրամադրեն, որպեսզի տեսնենք, որ իրենք հացի փող են աշխատելու: Այս փոքր ձեռնարկությունների տերերը պետք է իմանան, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար լինելու է վարչական պատասխանատվություն, և դա չի լինելու ուղղակի ՀԴՄ կտրոն չթողարկելու համար, այլ զինվորից գողանալու համար է լինելու, զինվորի փամփուշտը, զինվորի հացը, արժանապատիվ հագուստը գողանալու համար»,- հավելեց նա։