ՊՆ-ն հայտարարում է ՀՀ ԶՈՒ պահեստազորի բժշկական կազմի մինչեւ 35 տարեկան բժիշկների զորակոչ. Տոնոյան (տեսանյութ)
TVԿառավարությունը հավանություն տվեց «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման նախագծին։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ որոշմամբ առաջարկվում է հայտարարել 2019 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2020 թվականի հունվարի 20-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:
«Սահմանվում է պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 74 բժիշկ-մասնագետ: Նախագծով նախատեսվում է պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակներում մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ զորացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին»,- նշեց նախարարը՝ ավելացնելով, որ «մինչև» արտահայտությունը նախատեսվել է այն պատճառով, որ եթե չկարողանան զորակոչել այդ քանակությամբ մասնագետների, չլինի, որ որոշումը չի կատարվել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչու է ենթադրվում, որ չեն կարողանալու կատարել։
Դավիթ Տոնոյանը պատասխանեց՝ նեղ մասնագիտացմամբ բժիշկների պակասով: Ըստ նրա, զորակոչը կատարվում է երկու ուղղությամբ՝ առաջինը հոսպիտալային օղակն է համալրվում, որտեղ նեղ մասնագետների պահանջը կա, և երկրորդը՝ զորային օղակը՝ զորամասերի բժիշկներն են։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն հավելեց, որ իրականում ուրիշ խնդիր էլ կա՝ օրենսդրության փոփոխությամբ բժիշկները 18 տարեկանում գնում են ծառայության որպես շարքայիններ, և հետագայում որպես սպա չեն գնալու ծառայելու, այսինքն՝ այդ բժիշկների թիվը աստիճանաբար ամեն տարի նվազելու է: