« Սկզբում մտածեցի, որ երեխան չի դիմանա թռիչքին, բայց ...». Սիլվա Հակոբյանը Կրեմլի դահլիճում հանդես է եկել դստեր` Միլայի հետ
InterviewՀամեստությամբ, ընտանիքի մարդ լինելու առանձնահատկությամբ Սիլվա Հակոբյանը մշտապես տարբերվել է իր գործըկներներից: Տարին երգչուհուն շռայլ նվեր էր արել` պարգևելով դուստր: Երջանիկ ընտանեկան առօրյան վայելող երգչուհին հետ չի մնացել նաև աշխատանքային գրաֆիկից:
Past.am-ը Սիլվայի հետ զրույցում նկատեց, թե ինչպես է նա հասցնում և գործով զբաղվել և երեխային խնամել:
- Դեկտեմբերի 8-ին Մոսկվայում Կրեմլի դահլիճում ելույթ ունեիք: «Տաշի շոու» տարեվերջյան համերգի ժամանակ, երեխայի ներկայությունը կապվա՞ծ էր ելույթի հետ:
- Համերգի հրավերը ստացել եմ կազմակերպիչ Տարոն Պողոսյանի կողմից, պիտի երգեի Ալլա Պուգաչովայի «Дочинка»-ն, սկզբում մտածեցի, որ երեխան չի դիմանա թռիչքին, կուլիսների անցուդարձին, բայց այնպես դասավորվեց, որ մի քանի օր ավել պիտի մնայի Մոսկվայում և ուղղակի ֆիզիկապես առանց ինձ մնալ չէր կարող փոքրիս: Մեկնեցինք ծնողներիս, ամուսնուս հետ և ավելի լավ ստացվեց, թեմայի շրջանակներում, երգի հետ կապված նա ինձ հետ բեմ բարձրացավ: Հանդիսատեսը բուռն արձագանքեց, երեխայասեր հայ ազգի համար հաճելի էր Միլայի առաջին բեմելը: Կուլիսներում ուրախ էին նաև համերգին մասնակից երգիչները , Միլային շրջապատել էին հոգածությամբ ու դրանից նաև իրենք էին լիցքավորվում:
- Կշարունակվե՞ն փոքրիկի հետ ճամփորդությունները:
- Տասը օրից սկսվում է իմ եվրոպական շրջագայությունները` Ֆրանսիայում երեք համերգ կա այնուհետև Հոլանդիա, Բրյուսել: Կվերադառնանք սուրբ Ծնունդից հետո: Դասավորվում է այնպես, որ երեխայի ամեն ամսվա տարեդարձը զուգադիպում է իմ համերգի օրվա հետ և նշում ենք տարբեր քաղաքներում:
- Տեսահոլովակների նկարահանման աշխատանքներ տարվո՞ւմ են:
- Հղիության ընթացքում և Միլայի ծննդից հետո էլ շատ երգեր արդեն կան, որոնք կներկայացնեմ հանրությանը: Կյանքիս դրական փոփոխությունները իրենց տեղը կգտնեն իմ երգացանկում: «Բում- բում» երգի հիման վրա հունվարից հետո տեսահոլովակ կնկարահանվի, որի հեղինակը քույրս է Մանեն, իսկ գործիքավորումը կատարել է եղբայրս` Էդգարը:
Սիլվա Հակոբյանը բացառիկ դեպք է, նրա պարագայում հասկանում ես, որ հնարավոր է ունենալ երջանիկ ընտանիք, լինել լավ մայր ու հինգ ամսական երեխայի հետ շարունակել երգչուհու կարիերան: