Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանը փոխադարձաբար կարձագանքի Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը
International newsՌուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Ադրբեջանի ղեկավարությունը նույնաբովանդակ հայտարարություն կանի` արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջնական լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
Այս մասին դեկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:
«Մենք համաձայն ենք, որ խնդիրը չունի և չի կարող ունենալ ուժային լուծում: Ռուսական կողմը կարևորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը պիտի հաշվի առնի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի շահերն ու դիրքորոշումներն: Մենք ռուսական կողմից ափսոսանք հայտնեցինք, որ ադրբեջանական կողմից այս մասով դեռևս նույնաբովանդակ փոխադարձ հայտարարություն չի արվել: Հույս ունենք, որ դրանք անպայման կլինեն: Սա շատ կարևոր կլինի հակամարտության լուծման տեսանկյունից»,- ասաց Կոսաչովը: