Ինձ պես մայրերին կոչ եմ անում չվախենալ
SocietyՎերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի ձերբակալման լուրը բուռն արձագանք գտավ հասարակությամ մեջ: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց հանրապետական հիվանդանոցում գրանցված վերջին դեպքից տուժած Հայկուհի Խաչատրյանի հետ: Հիշեցնենք, որ նա պնդում էր, որ իր երեխան ոչ թե մահացած է ծնվել, այլ՝ փոքրիկին վաճառել են հիվանդանոցում:
«Նրա ձերբակալությունը սկզբնաղբյուրն է, որպեսզի բացահայտվեն բազմաթիվ այլ դեպքեր: Ավելի քան համոզված եմ, սա ընդամենը նախաբանն է: Բազմաթիվ մայրեր գիտեմ, ովքեր նրա գործունեությունից տուժել են: Ցավոք, բոլորը չէ որ պատրաստ են այդ մասին խոսելու, պամելու իրենց խնդրի մասին»,- ասաց նա:
Խաչատրյանի խոսքով՝ այդ մայրերը վախենում են խոսել.«Չեմ կարծում, թե արժե վախենալ, եթե վնասելու լինեին՝ ինձ արդեն վնասած կլինեն: Թեպետ վստահ եմ, երբ ժամանակը գա՝ նրանք կխոսեն ու կպատմեն: Անչափ ուզում եմ, որ արդարությունը վերականգնվի»:
Նա նաև մեզ պատմեց, որ լուրջ պայքար է սկսել: Այս կարճ ժամանակահատվածում նախաձեռնել է «Հայոց մայրեր» հասարակական շարժումը, որի շուրջ համախմբվել են իր նման կանայք:
«Արդեն իսկ կա առանձնացված 101 դեպք, որոնք հաղորդում են հանցագործության մասին: Ընդ որում, այդ բոլոր դեպքերը կապված են Ռազմիկ Աբրահամյանի և հանրապետական հիվանդանոցի հետ»,- ընդգծեց Խաչատրյանը:
Ես հույս ունեմ, որ մեր երկրում արդարությունը կհաղթի ու այս բոլոր դեպքերը կբացահայտվեն, իսկ մեղավորները պատիժ կկրեն:
«Ուզում եմ կոչ անել, որ ինձ նման խնդրի ունեցող մայրերը չվախենան: Ես ընդամենը բարձրաձայնեցի ու բոլորը սկսեցին խոսել, գրել: Չի կարելի այս ամենն այսպես թողնել»,-նշեց նա:
Խաչատրյանը նշեց, որ չի հավատում բժիշկների այն խոսքերին, թե իր երեխան մահացած է ծնվել.«Ես չեմ հավատում: Ոչ մի փաստ չկա, միայն բժիշկների հակասական խոսքերն են»: