«ԱՄՆ-ում մի քիչ ուրիշ է, դու սկզբում չգիտես օգնում են, թե` խանգարում». Վահագ Ստեփանյանը (Դելո)
InterviewPast.am-ը գրում է.
Դերասան, պրոդյուսեր Վահագ Ստեփանյանը (Դելո) Երևանից մեկնեց այն ժամանակ, երբ հանրությունը նրան ճանաչում էր հեռուստաէկրանից:
Թե ինչու գնաց, ովքեր էին սկզբում նրան օգնողները Past.am-ին պատմեց նույն ինքը...
- Որքա՞ն ժամանակ է բնակվում եք ԱՄՆ-ում:
- Երևանում ամեն ինչ շատ լավ էր, փորձում էինք մարդկանց ճաշակով ժամանցային ծրագրեր ներկայացնել, բայց կար ցանկություն այլ երկրում էլ լինել, այլ մշակույթի հետ ծանոթանալ: Ստացվեց այնպես, որ եկանք ԱՄՆ ու արդեն վեց տարի է այստեղ ենք բնակվում:
- Ովքե՞ր էին այն մարդիկ, որոնք սկզբում օտարության մեջ օգնեցին ձեզ:
- ԱՄՆ-ում մի քիչ ուրիշ է, դու սկզբում չգիտես օգնում են թե խանգարում են, ճիշտ են ասում, սխալ են ասում, դու նոր ես եկել ու, ով ինչ ասում է հավատում ես: Ինձ փաստաթղթերիս հարցում մի մարդ օգնեց ում անունը չեմ տա, հիմա ընտանիքներով մտերիմ ենք, առիթը օգտագործեմ և նորից շնորհակալություն ասեմ:
- Երևանում զբաղվում էիք ժամանցային նախագծերով, ի՞նչ եք անում այդտեղ:
- Այստեղ ևս տարբեր նախագծեր եմ իրականացնում թե որպես դերասան, թե որպես պրոդյուսեր, սկսած գովազդների, տեսահոլովակների նկարահանումներից, մինչև բարեգործական համերգների կազմակերպում , զուգահեռ միջոցառումներ եմ վարում: Նույն ժամանցային ոլորտի մեջ եմ աշխատում ինչպես Երևանում:
- Դժվարությունները ինչի՞ց են առաջանում և ինչպե՞ս եք հաղթահարում:
- Այս կյանքում հեշտ ոչինչ ոչ մեկին տրվում: Ես միշտ ասել եմ չի լինելու այնպես, որ մի օր ոչ մի բանի խնդիր չունենաս : Միշտ էլ կլինեն դրանք , պիտի ունենաս ուժ և հավասարակշռություն , որպեսզի դրական տրամադրությամբ առաջ գնաս : Ամենակարևորը ուրախ լինես , չթողնես նեգատիվը ազդի քո վրա:
- Երևանում ինչն էի՞ք հավանում, որը չկա ԱՄՆ- ում:
- Հայաստանի ջուրն եմ կարոտում, այն աշխարհի ամենահամով ջուրն է : Հայաստանյան ընկերաբարեկամական մարդկային հարաբերություններն եմ կարոտում , այնտեղ անկեղծություն կա : Ամերիկան հնարավորությունների , աշխատելու համար է , Երևանը հանգստանալու:
- Լավ ապրուստ , շատ փող , թանկ մեքենաներ , երիտասարդ հայ տղաներից շատերը միայնակ գալիս են ԱՄն և վերջում առանց սիրո ամուսնություն ունենում , ըստ ձեզ նմանատիպ դեպքերը ի՞նչ ընթացք են ունենում:
- Ավելի լավ է նման ընտանիքներ չկազմվեն , բայց դե իրենց ընտրությունն է : Ես ամեն ինչը անկեղծության , սիրո վրա եմ ստեղծել : Ինձ թվում է իրենք երջանիկ չեն ապրում , եթե իրենք իրենց խաբելով , ինչ որ բանից ելնելով կին կամ տղամարդ են ընտրում: Այդպիսի մարդկանց ուղղակի խղճում եմ:
- Այդտեղ որո՞նք են հիմնական արատավոր թուլությունները , որոնցով տարվում են մեր հայրենակիցները:
- ԱՄՆ- ում ամեն մարդու համար ավելի հասանելի է այդ արատավոր թուլությունները` թմրամոլությունը և այլն ... ու հայերի մի մասն էլ չդիմանալով գայթակղությանը օգտվում են , բայց , եթե մարդը ցանկություն չունենա , իրեն հեռու կպահի ու վտանգավոր իրավիճակների մեջ էլ չի ընկնի:
- Որպես հայր , ամուսին , ինչպե՞ս է ձեզ հաջողվում այդ ազատ երկրում օրինակելի ընտանիք ունենալ:
- Չգիտեմ օրինակելի եմ թե չէ , բայց հայրական ընտանիքում այնպիսի դաստիարակություն եմ ունեցել , որ գիտեմ երախայիդ հետ պիտի ընկեր լինես , եթե նույնիսկ նա մեկ տարեկան է: Հավատացեք այդ դեպքում նրա չափահաս տարիքում իր հետ խնդիր չի առաջանա : Ծնողի տված սերը , վստահությունը հետ է վերադառնում ու տեղը կապ չունի , թե որտեղ ես ապրում :