Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները ստորագրել են համատեղ հայտարարություն
International newsՎրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Դավիթ Զալկալիանին, Էլմար Մամեդյարովը եւ Մեւլութ Չավուշօղլուն այսօր ստորագրել են համատեղ հայտարարություն Թբիլիսիի ութերորդ եռակողմ հանդիպման ժամանակ։ Արարողությունը տեղի է ունեցել Թբիլիսիի Պետական արարողությունների պալատում, ինչից հետո երեք երկրների ԱԳՆ ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի խոսքով՝ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների 8-րդ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել է 2020-22 թվականների գործողությունների եռակողմ ձեւաչափը։
«Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել համատեղ տարածաշրջանային տրանսպորտային-էներգետիկ նախագծերի քննարկմանը։ Արձանագրվել են Տրանսկասպյան խողովակաշարի նախագծի իրականացման կարեւորությունը եւ Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի դերը Կասպյան տարածաշրջանից Եվրոպա էներգիայի փոխանցման եւ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Ընդգծվել են արդեն հաջող իրականացված Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում էներգետիկ նախագծերը։
Միեւնույն ժամանակ, նախարարները մեկ անգամ եւս հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համակարգումը Հարավային էներգետիկ միջանցքի լիակատար իրականացման համար։ Ընդգծվեց նաեւ Տրանսանատոլիական գազատարի (TANAP) երկրորդ փուլի ավարտման կարեւորությունը, որը բացվել է վերջերս՝ նոյեմբերի 30-ին Թուրքիայում։ Պետք է նշել, որ նախագծի իրականացումը նպաստում է եվրոպական էներգետիկ անվտանգության ոլորտում նոր իրողության ձեւավորմանը»,- ասել է Դավիթ Զալկալիանին։