Ամբողջ աշխարհի հայության համար Ամանորը մնացել է ամենաջերմ և սիրելի ընտանեական տոնը
International newskuban.aif.ru-ն «Շռայլ լինելու հերոսությունը. ինչպե՞ս են հայերը դիմավորում Նոր տարին» վերնագրով հոդվածում գրում է, որ հայկական սփյուռքի մեծությունը Ռուսաստանում գերազանցում է 2,5 միլիոնը:
Հայերի մեծ մասը մայրենի լեզվով խոսում է հիմնականում միայն տանը: Շրջապատում ռուսերեն խոսում են վարժ և առանց առոգանության, չնայած որոշ տարածաշրջաններում նկատվում է որոշակի «խ-ախոսություն»:
Հայերի ազգային ավանդույթները, ինչպես նաև խոսակցականը ժամանակի ընթացքում ինտեգրվել են ընդհանուր սոցիումի մեջ՝ միևնույն ժամանակ պաշտպանելով որոշակի անհատականությունը: 21-րդ դարի գլոբալիզացիան բերել է նրան, որ դարերով պահպանված ավանդույթները փոխվել են: Նույնը վերաբերում է նաև տոներին և, իհարկե, ռուսաստանցիների կողմից միշտ սիրված Նոր տարուն: Այնուամենայնիվ, հայերի մոտ այնպես չէ, ինչպես մնացածի մոտ:
Հայերի մոտ Նոր տարին առանձնանում է երկու բաղադրիչով. դա ընտանեական տոն է, և այն պետք է դիմավորել հարուստ սեղանով:
Թվում է, թե բոլոր ռուսաստանցիներն են այդպես նշում, բայց այդպես չէ: Հայերի դեպքում Նոր տարին շռայլություն է, առատություն և թափ՝ բազմապատկած երեքով:
Եթե ռուսական կառավարությունը որոշել է, որ Նոր տարվա արձակուրդները 8 օր են, ապա դա նշանակում է, որ հայերը ուղիղ այդքան էլ տոնելու են:
Ընդ որում, այդ օրերը կապ չունեն ստանդարտ եկեղեցական կամ պատմական օրերի հետ: Նոր տարվա տոնական միջոցառումների օրակարգը հարմարեցվում է աշխարհիկ օրացույցի հետ:
Օրերը նշված են կարմիրով, իսկ դա նշանակում է, որ ազդանշան է ուղարկվել հարազատներով հավաքվելու, շփվելու, միմյանցով ուրախանալու և պարզապես միասին լինելու համար: Ամբողջ 8 օր հայերը ընտանիքներով հյուր են գնում և նմանապես հյուրեր ընդունում: Եթե ինչ-որ մեկը հյուր է գնացել հայի տուն, ապա պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ նա անպայման պատասխան այց է իրականացնելու, և պետք է դրան պատրաստ լինել:
Այդ ավանդույթը գալիս է նախնիներից, երբ հայերի համայնքը մեկ ընդհանրության մեջ է ապրել, միասին պատրաստվել են տոներին, կանայք միասին կերակուր են պատրաստել: Տիպիկ հայկական հյուր գնալը նշանակում է հետը նվեր տանել՝ լավ խմիչք և կոնֆետներ (մրգեր)՝ մեծերի և գրքեր ու խաղալիքներ՝ փոքրերի համար:
Տիպիկ հայկական ձևով հյուր ընդունելը նշանակում է հյուրընկալել ուտելիքի այնպիսի սեղանով, որ զարմանան:
Շատերը անգամ չեն կարող պատկերացնել, թե ինչպես կարող է իրենց տոնական սեղանը ավելի համեստ լինել, քան հարևաններինն ու հարազատներինն է: Սեղանին անպայման պետք է էկզոտիկ ուստեստեղեն ու խմիչքեղեն լինի՝ մրգի, պանրի, կոնյակի, գինու և այլնի բազմազանություն: Այդ ամենը պարտադիր է անգամ այն դեպքում, եթե տանտերը դրանով պարտքերի տակ է ընկնում: Մի խոսքով, հայը հայ չէ, եթե լավ սեղան չի պատրաստել:
Պարտադիր են նաև նվերները՝ որպես ուշադրության նշան: Դեռ Նոր տարուց մեկ ամիս առաջ սկսվում է տոնական շոփինգը՝ այցեր սննդամթերքների տոնավաճառներ, գների մոնիտորինգ, խանութների հետախուզություն: Այս ամենի հետ նաև անպայման է շնորհավորման ենթակա անձանց ցուցակների կազմումը՝ ներառյալ նաև մորաքրոջ տղայի երկրորդ կնոջ պապի երրորդ կնոջ տղան: Սկզբունքը շատ պարզ է. ավելի լավ է բոլորը լինեն ցուցակում, քանի որ ոչ մի դեպքում չի կարելի ինչ-որ մեկին վիրավորել անուշադրությամբ:
Այսուամենայնիվ, հայերը համարում են, որ կարևորը ո՛չ շքեղ սեղանն է և ո՛չ էլ նվերներն են, կարևորը միմյանց տեսնելն ու միմյանցով ուրախանալն է:
Հենց հարազատությանը հանդիպելու այս ձգտումն էլ հաճախ ամենաերևացողն է, քանի որ դա գալիս է սրտից և շատ թանկ արժե: Խնջույքի սեղանի շուրջ պարտադիր խմվում է այն հարազատների կենացը, որոնք հեռու են: Խմվում է նրանց առողջության համար:
1990-ականներին շատերն են աղքատության և քաղցի պատճառով լքել Հայաստանը և տեղափոխվել Ռուսաստան, Ամերիկա և Եվրոպա:
Ընդ որում, շատերը՝ հիմնական, իսկ նրանցից շատերն էլ վատ չեն տեղավորվել նոր հայրենիքում: Բայց զարմացնում է այն, թե ինչքան են նրանք կապված մնացել Հայաստանում ապրող հարազատների հետ:
Աշխատում են ինչ-որ երկրում և տարիներով պահում հայրենիքում մնացած իրենց բազմաթիվ հարազատներին: Ժամանակակից իրականությունում շատ բան է փոխվել Նոր տարվա արարողություններում, բայց ամբողջ աշխարհի հայության համար այդ տոնը մնացել է ամենաջերմ և սիրելի ընտանեական տոնը: Հնում հայերը Նոր տարին նշել են մարտի 21-ին, և այդ տոնը կոչվել է Ծաղկամուտ, այսինքն՝ ծաղկում, գարնանային գիշերահավասարի օր: Ամանորով սկսվել է գարունը, և դա եղել է խորհրդանշական: Երկրորդ Նոր տարվա տոնը եղել է Նավասարդը: Այդ տոնը հին Հայաստանում նշվել է օգոստոսի 11-ին: Անկախ նրանից, թե ինչ պատմական դարաշրջան է այդ պահին, Հայաստանում Նոր տարին միշտ էլ համարվել է ուրախության եւ նորացման տոն, և այդ տոնի ավանդույթները պահպանվել են մինչև հիմա:
Հնում Նոր տարվա նախաշեմին ամբողջ ընտանիքը հավաքվել է կրակի շուրջ, որպեսզի կրակից լույս ու ջերմություն ստանա և միաժամանակ կրակին տա անցած տարվա վատ դեպքերի մասին հիշողությունները և կատարած սխալները:
Նվերներ տալու ավանդույթը ևս հնուց է գալիս: Հայերը «երդիկից» կախել են գործած գուլպաներ, որոնց մեջ նվերներ են եղել:
Ընդ որում, ընտանիքի մեծը նվերներ է տվել ընտանիքի մյուս բոլոր անդամներին, որոնք ևս փոխանակվել են նվերներով, ապա բոլորը միասին անհամբերությամբ սպասել են Կաղանդ պապի (Ձմեռ պապ) գալստյանը:
Բայց վերջինս մեծերին և փոքրերին ոչ թե նվերներ է բաժանել, այլ Ամանորի յոթ խորհուրդները. հարգանք միմյանց նկատմամբ, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և երախտագիտություն:
Ընտանիքի մեծը տոնական սեղանի շուրջ առաջինն է բաժակ բարձրացրել, շնորհավորել բոլորին Նոր տարվա կապակցությամբ և առաջարկել մեղր ուտել, որպեսզի նոր տարում գերակշռեն քաղցր օրերը, և բոլորը լսեն և ասեն միայն քաղցր բառեր:
Կամո Խաչիկյան