Կեղծվել են բենզինի եւ դիզելային վառելիքի ստուգաչափման վկայականներ.հարուցվել է քր. գործ
EconomicsԳեղարքունիքի մարզում գործող՝ ավտոմոբիլային բենզինի (ԱԻ-92 K5) եւ դիզելային վառելիքի (ԴՎ-Ա K5) մանրածախ վաճառքով զբաղվող ընկերությունում իրականացված չափումների միասնականության վերաբերյալ ստուգման շրջանակներում հարուցված վարչական գործի քննության ընթացքում այդ ընկերության տնօրենը ներկայացրել է ստուգաչափման 2015թ-ից մինչեւ 2017թ․ուժի մեջ լինելու թվագրմամբ վկայականների պատճեններ։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Մինչդեռ, «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ից ստացված տեղեկության համաձայն՝ ընկերությունը նշված ժամանակահատվածում չի ներկայացրել ստուգաչափման հայտ, ուստի այդ ընթացքում չափման միջոցների ստուգաչափում չի իրականացվել: Ավելին, ըստ այդ տեղեկատվության, ներկայացված վկայականներում որպես լաբորատորիայի վարիչ նշված անձը 2014-2018թթ․ աշխատել է որպես գիտական չափագրության բաժնի գիտաշխատող, իսկ որպես ստուգաչափող նշված անձը դեռեւս 2016 թվականի հունվարին ազատվել է աշխատանքից: Այսինքն նշված ժամանակահատվածում վերջինս ստուգաչափում կատարելու լիազորություն չի ունեցել։
Ուսումնասիրության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում վերը նշված փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։