«Էրեբունի» թանգարանի մոտ «Mitsubishi Airtrek»-ը բախվել է պատին ու շրջվել. պատը փլուզվել է. վարորդը՝ արգելափակվել
SocietyՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ժամը 04:24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արգելապատնեշին, ինչի հետեւանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Նոր Արեշի 50-րդ փողոցում «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դերենիկ Խ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել թիվ 45/4 հասցեում գտնվող կիսակառույց շինության պատին, ինչի հետեւանքով պատից մոտ 2 քմ հատված փլուզվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենան քաղաքացիների ուժերով հոսանքազրկել են եւ փակել գազի բալոնի փականը:
Դեպքի վայրում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: Վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: