Ի՞նչ պաշտոններ կստանա Հայաստանը ԵՏՀ նոր Կոլեգիայի կազմում
International newsՆախագահի փոփոխությունից հետո Հայաստանը կստանա երկու նախարարական պորտֆել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմում։
Կոլեգիայի նոր կազմում Հայաստանից նոր ներկայացուցիչներ կդառնան Արտակ Քամալյանը (էկոնոմիկայի գործող փոխնախարարը) եւ Գեղամ Վարդանյանը (ներկայում՝ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար)։ Արտակ Քամալյանը նշանակվել է ԵՏՀ արդյունաբերության եւ ագրոարդյունաբերության համալիրի գծով Կոլեգիայի անդամի (նախարարի) պաշտոնում։ Այժմ այդ պաշտոնն զբաղեցնում է Ալեքսանդր Սուբոտինը (Բելառուս)։
Գեղամ Վարդանյանը նշանակվել է ներքին շուկաների, ինֆորմատիզացման, տեղեկատվա-հաղորդակցային տեխնոլոգիաների գծով Կոլեգիայի անդամի (նախարարի) պաշտոնում։ Նա այդ պաշտոնում կփոխարինի Կարինե Մինասյանին (Հայաստան)։
Հանձնաժողովում իրենց աշխատանքը կշարունակեն ԵՏՀ տեխնիկական կարգավորման գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոն (Բելառուս), ԵՏՀ էկոնոմիկայի եւ ֆինանսական քաղաքականության գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Թիմուր Ժակսիլիկովը (Ղազախստան), ԵՏՀ մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերիկ Ժումանգարինը (Ղազախստան)։
Պաշտոնները կպահպանեն նաեւ ԵՏՀ մաքսային համագործակցության գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Նուրլան Աքմաթովը (Ղրղզստան), ԵՏՀ էներգետիկայի եւ ենթակառուցվածքի գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Էմիլ Կայկիեւը (Ղրղզստան), ԵՏՀ ինտեգրման եւ մակրոէկոնոմիկայի գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Գլազեւը (Ռուսաստան) եւ ԵՏՀ առեւտրի գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան (Ռուսաստան)։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 20-ին, Եվրասիական բարձրագույն տնեսական խորհրդի (ԵԲՏԽ) նիստում, որը տեղի էր ունենում Սանկտ Պետերբուրգում, ԵՏՄ երկրների ղեկավարները հաստատել էին ԵՏՀ Կոլեգիայի նոր կազմը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր նախագահ է դառնալու Բելառուսի վարչապետ եւ Հանրապետության խորհրդի ներկա ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը։ Նա այդ պաշտոնում կփոխարինի Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին։
ԵԲՏԽ անդամները հաստատել են Հանձնաժողովի Կոլեգիայի նոր կազմը, որը կաշխատի չորս տարի։ Նախկինի պես միության յուրաքնաչյուր երկիր Կոլեգիայում կունենա երկուական ներկայացուցիչ։ ԵՏՀ Կոլեգիայի նոր կազմը պարտականությունների կատարմանը ձեռնամուխ կլինի 2020 թվականի հունվարի 1-ից։
Այդ օրվանից պաշտոնը կստանձնի ԵՏՀ Կոլեգիայի նախագահը՝ Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Մյասնիկովիչը։
Նշենք, որ ԵՏՀ գործող նախագահ, Հայաստանի ԿԲ նախկին նախագահ եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ԵՏՀ նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2016 թվականի փետրվարի 1-ից։