Մենք բոլորս սպասում ենք, որ 2020 թվականը զբոսաշրջային առումով ավելի լավ տարի է լինելու եւ դրա համար կան կոնկրետ ազդակներ: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շուտով կսկսվեն բյուջետային ավիաընկերությունների չվերթները Հայաստան: Հաջորդ շաբաթ արդեն «RyanAir»-ը իր առաջին չվերթը կիրականացնի, այդ պրոցեսը շարունակական է: Միջազգային մամուլում ամենահեղինակավոր լրատվամիջոցներում հայտնվում են տեղեկատվություններ, որոնք իրենց լսարանին խորհուրդ են տալիս որպես հիմնական զբոսաշրջային ուղղություն ընտրել Հայաստանը: Այս ամենը շատ լավ է, բայց ես ուզում եմ ընդգծել, որ մենք այս ոլորտում շատ անելիք ունենք, մասնավորապես, ՀՀ-ում սպասարկման մակարդակը բարձրացնելու, որակի հարցը լուծելու առումով:
Պետք է մտածենք, թե ինչպես սկսած տաքսու վարորդներից, ավարտած մնացած օղակներով, որոնց հետ զբոսաշրջիկներն առնչվում են, շփման որոշակի կուլտուրա սերմանենք»,-ասաց նա:
Փաշինյանը ընդգծեց, որ արդեն թռիչքների երկու ուղղություն իրականացվելու է Գյումրի եւ այնտեղ համենայնդեպս, օդանավակայանից այլ տարածքներ զբոսաշրջիկներին տեղափոխման քաղաքակրթական բովանդակության մասին պետք է շատ լուրջ մտածել. «Ընդհանրապես, դեռ օդանավակայաններում կարելի է հանդիպել տեսարանների, որտեղ անցագրային տարածքից դուրս եկող մարդիկ ենթարկվում են խմբակային հարձակումների տարբեր ծառայություններ առաջարկողների կողմից: Այստեղ 1000 դրամ ավել-պակաս տանելու խնդիր չէ: ՀՀ ժամանող զբոսաշրջիկներից համար պետք է պատրաստվեն տեղեկատվական թերթիկներ տաքսիների մոտավոր գների մասին, ամեն ինչի մոտավոր գների մասին, ընդհուպ առավել քաղաքակիրթ տաքսի ծառայություններից օգտվելու տարբերակների եւ հնարավորությունների մասին: Ըստ էության ՀՀ ժամանող զբոսաշրջիկների օրակարգը չի փոխվել վերջին 30 տարվա ընթացքում»,-ասաց Փաշինյանը: