Մարզպետարանի ներկայացուցիչն ուղիղ եթերում զանգեց սպանդանոց
TVԱրմավիր-Երեւան մայրուղու մոտ Մրգաշատ գյուղի հատվածում բողոքի ակցիա իրականացնող գյուղացիների հետ հանդիպման եկած Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանն այսօր՝ հունվարի 21-ին, ուղիղ եթերում զանգահարեց մարզում գործող սպանդանոցի ներկայացուցչին։
Սպանդանոցի ներկայացուցիչը հաստատեց՝ գյուղացուց միսը տեղում կգնեն 2400 դրամով․
«2400 դրամ, 3 կիլոգրամ սկիդկա, զամչաստը ոնց որ միշը եղել, ոնց հայաթներում մորթել են, այդպես»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անասնաբուծությամբ զբաղվողների դժգոհությունը կապված է իրենց բնակավայրերից սպանդանոցների հեռավորության, դրանց առաջարկած գների հետ: Նրանք պնդում են, որ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելով իրենց զրկում է եկամուտից: Նրանք վերջին օրերին բողոքի ակցիաներ էին իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Նրանց ակցիան նախօրեին ուղեկցվել էր փողոց փակելով:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։
Նշենք, որ այսօր գյուղացիները Արարատի մարզում եւս փակել էին մայրուղին, սակայն ավելի ուշ բացեցին՝ պայմանով, որ երեկոյան մարզպետարանում հարցի վերաբերյալ քննարկում է լինելու: