Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2 քաղաքացին հայտնաբերվել են. նրանք եղել են զինված
SocietySHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորամասից ահազանգ է ստացվել ոստիկանության Բաղրամյանի բաժին, որ Երվանդաշատ-Բագարան տեղամասում իրենք հայտնաբերել են առանց փաստաթղթերի 2 քաղաքացու, որոնք հայտնել են, որ իրենք տեղաբնակներ են:
Նշված վայր են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը և ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումը՝ բաժնի պետի գլխավորութամբ: Ժամանել են նաև ՀՀ Անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության և Հայաստանում տեղակայված ՌԴ N զորամասի Երվանդաշատ վարչական շրջանի ուղեկալի սահմանապահ զորքերի աշխատակիցները: Վերջիններս, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, Երվանդաշատ վարչական տարածքում տեղակայված ուղեկալի կողմից հսկվող վայրից ոստիկանության Բաղրամյանի բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչներ 25-ամյա Իգոր Բ.-ին և 27-ամյա Մխիթար Պ.-ին: Շամշյանի տեղեկություններով՝ Իգոր Բ.-ի մոտ եղել է «ԱԿ» տիպի ինքնաձիգ, իսկ Մխիթար Պ.-ի մոտ «Կարաբին» տիպի հրազեն՝ մի քանի փամփուշտներով: Արդեն ոստիկանությունում պարզվել է, որ նրանք, նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում Երվանդաշատ վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի «Նասոսներ» տարածքով անցնող փշալարի տակով սողոսկելով, մուտք են գործել արգելված սահմանային գոտու պահպանվող տարածք, որպեսզի որս կատարեն: Բերման ենթարկվածները հայտնաբերվել են հենց նշված վայրում՝ իրենց զենքերով: Փաստի առթիվ ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական: Իգոր Բ.-ն և Մխիթար Պ.-ն ձերբակալվել են: