«Մենք ունենք բոլոր անհրաժեշտ հնարավորություններն ու ռեսուրսները կորոնավիրուսին հաղթելու համար». Չինաստանի ԱԳՆ
International newsՉինաստանը տիրապետում է բոլոր անհրաժեշտ հնարավորություններին և ռեսուրսներին կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված թոքաբորբի համաճարակը կանգնեցնելու համար:
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին:
«Ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, որ Չինաստանն ունի կորոնավիրուսի նկատմամբ շուտափույթ հաղթանակ տանելու բոլոր հնարավորությունները, ռեսուրսներն ու վստահությունը»,-ասել է պաշտոնյան:
Մինչդեռ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը նշել է, որ Չինաստանին հաջողվել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում գտնել թոքաբորբի համաճարակ առաջացրած պաթոգենը:
«Համաճարակի հենց սկզբից Չինաստանն անմիջապես պարզեց պաթոգենը: Դա ռեկորդային կարճ ժամանակ էր, և մենք, միջազգային հանրությունը բարձր ենք գնահատում այդ փաստը»,-ասել է ԱՀԿ ղեկավարը:
Ըստ վերջին տվյալների՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում հասել է 4515-ի, մահացել է 106 մարդ:
Մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս վարակման դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում և Գերմանիայում: