Բուլղարիան հայտարարել է կորոնավիրուսի տարածման վտանգի չորրորդ մակարդակ
International news2019-nCoV կորոնավիրուսի տարածման նախավերջին՝ չորրորդ, մակարդակն է սահմանվել Բուլղարիայում: Հրատապ միջոցների շուրջ քննարկում է տեղի ունեցել երկրի վարչապետ Բոյկո Բորիսովի եւ մասնագիտացված կառույցների ներկայացուցիչների միջեւ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք կարող արգելել մարդկանց ճանապարհորդել շրջաններ, որտեղ տարածված է հիվանդությունը, սակայն քանի դեռ չի ստեղծվել վիրուսի դեմ պատվաստանյութը, անհրաժեշտ է ապահովել հիվանդության տարածման վերահսկողության ամենաբարձր միջոցները»,-ընդգծել է Բորիսովը: Բուլղարիայի վարչապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել Չինաստանի քաղաքացիներին, որոնք ժամանում են Չինաստանից՝ նշելով, որ «նրանք բոլորը պետք է գտնվեն կարանտինում»:
«Այդ քայլերն ուղղված չեն Չինաստանի դեմ, սակայն հիվանդության տարածման վախն այնքան մեծ է, որ մենք պետք է սահմանափակենք այդ երկրի քաղաքացիների տեղաշարժը»,-ասել է Բորիսովը; Նա հանձնարարել է, որ կարանտինին ուղղված միջոցառումները տարածվեն նաեւ նավերի անձնակազմերի շրջանում, որոնք ժամանում են երկրի նավահանգիստներ:
Ուժեղացվել են անվտանգության միջոցառումները օդանավակայաններում, որտեղ ուղեւորները կանցնեն բուժզննում եւ ջերմախցերի կիրառմամբ ստուգում, որոնք հեռակա մակարդակում չափում են նրանց մարմնի ջերմաստիճանը: Ռազմաբժշկական ակադեմիայում եւ մի շարք այլ բժշկական հաստատություններում կան հատուկ պալատներ, որոնցում կարող են հոսպիտալացնել հիվանդներին: Երկիր բերվել են ռեակտիվներ եւ հիվանդության լաբորատոր ախտորոշման համար նյութեր:
Բուլղարիայի փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Եկատերինա Զախարիեւան տեղեկացրել է, որ կիրակի Չինաստանից հայրենիք կվերադառնան բուլղարացի ուսանողներ: Նախ երկու կանանց ինքնաթիռով կտեղափոխեն Ֆրանսիա, այնուհետեւ բժիշկների ուղակցությամբ ռազմատրանսպորտային ինքնաթիռով նրանք կժամանեն հայրենիք, որտեղ անմիջապես կանցնեն 14-օրյա կարանտին: