Իմ տղան անմեղ է. զինծառայողի մահվան գործով մեղադրվողի հայր
SocietyԱրցախի զորամասերից մեկի զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով մեղադրվող զինծառայողներից Սպարտակ Ավետիսյանի ընտանիքի անդամները վստահ են, որ նա անմեղ է:
«Ես հավատում եմ, որ իմ տղան անմեղ է: Ես դա ասում եմ՝ ճանաչելով իմ տղային, նա համեստ տղա է: Հույսս դնում եմ նրա վրա, որ արդար քննություն կգնա, մեր միակ ցանկությունը արդար դատաքննությունն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա հայրը՝ Արթուր Ավետիսյանը՝ նշելով, որ որդուն տեսել է ձերբակալությունից հետո, սակայն հետը զրուցել չի հաջողվել, իսկ մինչ այդ որդին իրենց ոչ մի արտառոց բանի մասին չի պատմել ծառայությունից:
Նշենք, որ քննչական կոմիտեն զինծառայողներ Սպարտակ Ավետիսյանին, Խաչիկ Գասպարյանին մեղադրանք է առաջադրել 359-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում: Նույն մեղադրանքով կալանավորված է նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին, որը չի ընդունում մեղադրանքը:
Հիշեցնենք, որ Վահրամ Ավագյանը մահացել է հունվարի 30-ին՝ ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում: Ըստ քննչական կոմիտեի՝ նա իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում: Հարուցվել է քրգործ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը:
.jpg)
Լուսանկարում՝ զինծառայող Վահրամ Ավագյանը