Չինաստանում գործ է հարուցվել դեպի Ուհան իր ուղևորությունը թաքցրած կնոջ դեմ
International newsՉինաստանի Հեբեյ նահանգի Նեյցյու քաղաքի ոստիկանությունը դատական հայց է ներկայացրել մի կնոջ դեմ, որը թաքցրել էր դեպի Ուհան իր ուղեւորության մասին տեղեկությունը, հայտնում է քաղաքի պրոպագանդայի վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուրբաթ օրը նրա մոտ նոր տեսակի կորոնավիրուսից առաջացած թոքաբորբ էր ախտորոշվել: Նա մոտ շփում էր ունեցել 77 մարդու հետ, այդ թվում նաեւ` հիվանդանոցի աշխատակիցների:
Կնոջ ազգանունը Լյու է, նա 64 տարեկան է: Հունվարի 17-ին նա իր ամուսնու, դստեր, ամուսնու դստեր և թոռան հետ վերադարձել էր Ուհանից: 31-ին նրա մոտ շնչառության հետ կապված խնդիրներ էին նկատել եւ տեղափոխել հիվանդանոց: Նա եւ իր ընտանիքը մինչև փետրվարի 6-ը հերքում էին Ուհան մեկնելու փաստը: Իշխանությունները մեկուսացման միջոցառումներ են ձեռնարկել. փակել են չինական ավանդական բժշկության կլինիկան Նեյցյույում եւ ատամնաբուժական կլինիկան Ցյաոդուն թաղամասում, ինչպես նաեւ` այն բոլոր վայրերը, որտեղ ապրել կամ եղել է կինը:
Նախօրեին կորոնավիրուսով վարակված մի տղամարդու էին ձերբակալել Չինաստանի արևելյան Ֆուցզյան նահանգում, որը եւս թաքցնում էր դեպի Ուհան իր ուղեւորության փաստը, եւ վերադառնալուց հետո բազմաթիվ հասարակական միջոցառումների էր մասնակցել: Նրա պատճառով կարանտինում մոտ 4 հազար մարդ էր հայտնվել, որից 7-ը վարակված էին: