Ֆեյսբուքում ծնողին հորդորել են երեխային չտալ հակավիրուսային դեղամիջոց․ երեխան ավելի ուշ մահացել է
International newsՖեյսբուքյան խմբերից մեկում հակավիրուսային դեղամիջոցներից հրաժարվելու վերաբերյալ խորհուրդը ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում 4-ամյա երեխայի պատճառ է դարձել։ Այս մասին տեղեկացնում է NBC news-ը։
Մայրը պատմել է, որ երեխայի մոտ դեռ ախտորոշում չի եղել, սակայն փոքրիկը ջերմություն ու ուշաթափություն է ունեցել։ Ընտանիքի 4 երեխաներից 2-ի մոտ գրիպ է ախտորոշվել ու բժիշկը տան բոլոր անդամներին հակավիրուսային տամիֆլու է նշանակել։
Մայրը գրառում է կատարել «Դադարեցրեք պարտադիր պատվաստումները» ֆեյսբուքյան խմբում, որը ունի 178 հազար անդամ։ «Բժիշկը նշանակել է տամիֆլու, բայց ես այն չեմ կիրառել», - գրել է նա։
Նրան հորդորել են օգտվել միայն բնական միջոցներից՝ ինչպիսիք են անանուխի յուղը, նարդոսը, վիտամին C-ն։ Մայրը նշել է, որ նշված միջոցները չեն օգնում, եւ այլ խորհուրդներ է հարցրել։ Մեկնաբանություններում նրան խորհուրդ են տվել փորձել բուժել երեխային կրծքի կաթով, ուրցով, կտտկենու հատիկներով, չնայած դրանցից ոչ մեկը բժշկության մեջ գրիպի բուժման համար չի կիրառվում։
Երեխան, ի վերջո, հոսպիտալացվել է և չորս օր անց մահացել։
Կոլորադոյի հանրային առողջության և շրջակա միջավայրի վարչությունը հաստատել է, որ նախադպրոցական տարիքի երեխան մահացել է գրիպից, իսկ երեխայի անձնական տվյալներում տեղեկություն չկա՝ պատվաստվել է, թե ոչ։ Այնուամենայնիվ, ֆեյսբուքյան խմբի հին գրառումներում երեխայի մայրը նշել է, որ իր երեխաները պատվաստումներ չեն ստացել։
Facebook-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «Սա ողբերգություն է եւ մենք այդ ընտանիքի եւ նրանց հարազատների կողքին ենք։ Մենք չենք ցանկանում, որ պատվաստանյութերի վերաբերյալ Facebook-ում ապատեղեկատվություն տարածվի եւ ամեն ինչ անում ենք դա բացառելու համար՝ այդ թվում նաեւ փակ խմբերում»։
Տամիֆլուն գրիպի բուժման համար նախատեսված ամենատարածված հակավիրուսային դեղամիջոցն է: Այն կարող է թեթևացնել ախտանիշները և կրճատել հիվանդության երկարությունը, բայց կողմնակի ազդեցությունների վերաբերյալ մտավախությունները տարածված են նույնիսկ հակապատվաստումային խմբերից դուրս:
Գրիպը հատկապես երեխաների շրջանում բավական ծանր է ընթանում։ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ երեխաների հոսպիտալացման մակարդակն այս տարի նորմայից բարձր է, 68 երեխա մահացել է: