Հայաստանի ֆինանսական շուկան հնարավորություն է տալիս ներդրողներին արդյունավետ աշխատել ՀՀ-ում. Պանկին
EconomicsՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր՝ փետրվարի 10-ին, ընդունել է Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինի գլխավորած պատվիրակությանը:
ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ բանկի՝ Հայաստանում իրականացված եւ նախանշվող ծրագրերի վերաբերյալ հարցերը:
Հանդիպումից հետո Դմիտրի Պանկինը ներկայացրել է նաեւ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի ռազմավարությունը, որին հրավիրված էին հայաստանյան մամուլի ներկայացուցիչները:
Դմիտրի Պանկինը նշել է, որ Հայաստանում Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի աշխատանքի համար առկա են բարենպաստ պայմաններ, շեշտելով, որ բանկերը գտնվում են հուսալի վերահսկողության ներքո, վերջիններիս ֆինանսական վիճակը հստակ ու կանխատեսելի է: Բանկի նախագահը հավելել է, որ նման ֆինանսական շուկան հնարավորություն է տալիս ներդրողներին արդյունավետ աշխատել Հայաստանում:
Միջոցառման ավարտին Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի եւ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ միջեւ ստորագրվել է վարկային համաձայնագիր: Համաձայնագրով նախատեսված միջոցները «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն կուղղի հայկական փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորմանը` վերջիններիս նախագծերը եւ ներդրումային ծրագրերը ֆինանսավորելու նպատակով: