2019-ին Հայաստանից դուրս է եկել ռեկորդային գումար՝ 1 մլրդ 454 մլն դոլար. hetq.am
Economics2019 թվականին Հայաստանից ռեկորդային ծավալի գումարներ են դուրս եկել տրանսֆերտների տեսքով։ Այս մասին գրում է hetq.am-ը:
«Խոսքը 1 մլրդ 454 մլն դոլարի մասին է։ Դրանք բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն են Հայաստանից արտասահման, որոնց ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 22.4%-ով»։
Վկայակոչելով Կենտրոնական բանկի տվյալները, կայքը հայտնում է, որ 2019 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել 1 մլրդ 958 մլն դոլարի համարժեք գումար։ 2018 թվականի համեմատ այն աճել է մոտ 174 մլն դոլարով կամ 9.7%-ով։
«Վերջին տասը տարիներին արտասահմանից Հայաստան տրանսֆերտների ամենամեծ ծավալը գրանցվել 2013 թվականին՝ գերազանցելով 2 մլրդ դոլարը։ Սակայն հետագայում այս տեմպերը չեն պահպանվել։ Ամենախորը անկումը գրանցվել է 2015 թվականին, երբ դրսից եկող գումարները կրճատվել են կես միլիարդ դոլարով։ 2017 թվականից աստիճանաբար աճ է գրանցվում։ 2019 թվականին դեպի Հայաստան դրամական փոխանցումների 45%-ի աղբյուրը Ռուսաստանն է, 14%-ինը՝ ԱՄՆ-ն։
2019 թվականին Հայաստանից արտասահման ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն, ըստ կայքի, կազմել են 1 մլրդ 454 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ՝ 266 մլն դոլարով կամ 22.4%-ով ավելի։ «Ընդ որում՝ նկատելի է, որ փողի արտահոսքն արագացել է տարվա երկրորդ կիսամյակում։ Ամենամեծ ծավալի փոխանցումները կատարվել են օգոստոսին (մոտ 157 մլն դոլար) և դեկտեմբերին (մոտ 150 մլն դոլար)։ Առնվազն 2004 թվականից սկսած, երբ ներկայացվում է վիճակագրությունը, ոչ մի ամիս այդ ծավալի գումարներ Հայաստանից դուրս չեն եկել»։
Արտահոսքի շոշափելի աճը Կենտրոնական բանկը բացատրում է հիմնականում ավտոմեքնենաների ներմուծման նույնքան զգալի աճով։ Այսինքն՝ գումարները արտերկիր են փոխանցվել ավտոմեքենաների դիմաց վճարումների տեսքով։
«Պետական եկամուտների կոմիտեի տվյալով՝ 2019 թվականի ընթացքում Հայաստան է ներմուծվել 189 018 հատ ավտոմեքենա, ինչը երեք անգամ գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը։ Հայաստանից դուրս եկած 1 մլրդ 454 մլն դոլարը բավականին մեծ գումար է Հայաստանի տնտեսության համար։ Այս արտահոսքը բացասաբար է ազդում երկրի վճարային հաշվեկշռի վրա։ Այն նաև նշանակում է, որ տնտեսությունը «կորցրել է» այս գումարները. դրանք կարող էին շրջանառվել Հայաստանում, նպաստել տարբեր ոլորտներում նոր աժեքի ստեղծմանը, առևտրաշրջանառության մեծացմանը և այլն»։
«Դրամական փոխանցումների զուտ ներհոսքը ցույց է տալիս, թե տվյալ ժամանակահատվածում որքան է կազմել դրսից Հայաստան ուղարկվող և Հայաստանից դուրս ուղարկվող գումարների տարբերությունը։ Այդ տարբերությունը մշտապես դրական է լինում։ Սակայն երբ արտահոսքն ավելի արագ է աճում, քան ներհոսքը, այդ տարբերությունը նվազում է։ Այդպիսի իրավիճակ է գրանցվել 2019 թվականին։ Դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 504 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 93 մլն դոլարով կամ 15.5%-ով։ Սա ևս ռեկորդային ցուցանիշ է վերջին տասը տարիների կտրվածքով, բայց ոչ թե ռեկորդային բարձր, այլ՝ ռեկորդային ցածր», գրել է կայքը։