Ավստրալիան 1,3 մլն դոլար է նվիրաբերելու կորոնավիրուսի դեմ պայքարին
International newsԱվստրալիայի կառավարությունը 2 մլն ավստրալական դոլար (1,3 մլն ԱՄՆ դոլար) է հատկացնելու կորոնավիրուսի նոր տեսակի դեմ պատվաստանյութի մշակմանը, նշված է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեր կառավարության առաջնահերթությունն է Ավստրալիայի բնակիչների անվտանգության ապահովումը, եւ այս 2 մլն դոլարը կօգնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավստրալիայի տարածքում այս պահին հաստատված է կորոնավիրուսով վարակման 185 դեպք: Դրանից բացի, վիրուսը հայտնաբերվել է ավելի քան 20 ավստրալացիների մոտ, որոնք գտնվում էն Ճապոնիայում Diamond Princess զբոսանավում:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել էին երկրի կենտրոնական շրջանում Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել էին հիվանդության հարուցիչը՝ դա նոր կորոնավիրուս էր: ԱՀԿ-ն բռնկումը ճանաչել էր միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ եւ հիվանդությանը պաշտոնական անվանում տվել՝ COVID-19: Մայրցամաքային Չինաստանում վարակվածների թիվը արդեն անցել է 72,4 հազարից, մահացել է ավելի քան 1,8 հազար մարդ, բուժվել է 12,5 հազարը: Չինաստանի սահմաններից դուրս վարակվել է գրեթե 700 մարդ, ներառյալ երկու դեպք Ռուսաստանում: