Ինչպե՞ս կարող են պատկառելի տարիքի մարդն ու պատգամավորն այդքան սուտ խոսել, Կարապետ Չալյանը՝ Լևոն և Արսեն Ջուլֆալակյաններին
SportԸմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ պատասխանելով օրեր առաջ ասուլիս հրավիրած Արսեն և Լևոն Ջուլֆալակյաններին․
«Չեմ ուզում ցածրանալ, իջնել Լևոն եւ Արսեն Ջուլֆալակյանների մակարդակին: Այդ ասուլիսում ես տղամարդկային խոսակցություն չտեսա, հակառակ դեպքում շատ բան կունենայի ասելու: Միայն մի քանի բան կասեմ. երբ ես Արսենին Հայաստանի առաջնությունում հաղթեցի, դրանից հետո Լևոն Ջուլֆալակյանի որոշմամբ մենք երկու անգամ գոտեմարտեցինք՝ որոշիչ մրցաշարում:
Մեկ անգամ էլ ստուգողական գոտեմարտ ենք անցկացրել՝ իրենց ուզած վայրում և օրը: Այս բոլոր դեպքերում ոչ մի անգամ չեմ հրաժարվել պայքարից: Այդ բոլոր գոտեմարտերում մեր հանդիպումն Արսենի հետ ավարտվել է իմ հաղթանակով: Մեր միջև տեղի է ունեցել 4 գոտեմարտ, չորսում էլ հաղթել եմ ես:
Իսկ այժմ, երբ հավաքականի մարզիչները երկու անգամ նրան հնարավորություն են տալիս չափելու ուժերն ինձ հետ, նա հրաժարվում է: Առաջին հնարավորությունը Հայաստանի առաջնությունն էր, երկրորդը՝ Նիցայի մրցաշարը: Երկու դեպքում էլ Արսեն Ջուլֆալակյանը հրաժարվում է, այն դեպքում, երբ Լևոն Ջուլֆալակյանի ժամանակ որոշիչ էր նշանակվում, ես ոչ մի դեպքում չէի հրաժարվում:
Միայն մի բանից եմ զարմացած. ինչպես կարող են պատկառելի տարիքի մարդը և Ազգային Ժողովի պատգամավորն այդքան սուտ խոսել:
Փաստ. ես 4 անգամ հաղթել եմ Արսենին, որից երկուսը միջազգային մրցաշարում: Ասուլիսում նշվեց միայն Հայաստանի առաջնության եզրափակիչը: Ես 2016-2020 թվականներին նվաճել եմ Եվրոպայի երկու բրոնզե մեդալ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալ, իսկ իմ այդ նվաճումների մասին ասուլիսում նորից չնշվեց:
Ինչ վերաբերում է Արսենին թունավորելուն կամ վնասվածք հասցնելուն, ուղղակի ծիծաղելի է և մեկնաբանության ենթակա չէ»։