Մոսկվայում տղամարդը սպանել է իր հայազգի սրտաբան կնոջը և փորձել ինքնասպան լինել
International newsԵրկուշաբթի` մարտի 2-ին, Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող բնակարաններից մեկում հայտնաբերվել է բժիշկ-սրտաբան Լալա Հովհաննիսյանի դին: Այս մասին տեղեկացնում է «Московский комсомолец» պարբերականը:
Սպանության համար կասկածվողը նրա ամուսինն է, որը սպանությունից հետո փորձել է վերջ տալ իր կյանքին:
Տեղի ունեցածի մասին ոստիկանությանը տեղեկացրել է ամուսինների որդին` ասելով, որ հայրը ծեծում է մորը: Ժամանելով դեպքի վայր` Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ստիպված են եղել կոտրել դուռը, քանի որ տղամարդն այն փակել էր ներսից: Բնակարանում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են 47-ամյա տանտիրուհու դին` դանակով հասցված վերքերով, ինչպես նաև նրա 60-ամյա ամուսնուն, որը հոսպիտալացվել է ինքնասպանության փորձից հետո:
Լալա Հովհաննիսյանը 20 տարվա աշխատանքային փորձով բժիշկ-սրտաբան էր, Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ:
Նրա ամուսինը շտապօգնության մեքենայի վարորդ է: Մահացու ելքով ընտանեկան կոնֆլիկտի պատճառը ենթադրաբար խանդն է եղել:
Որդու խոսքով` ծնողները ծանոթացել են աշխատավայրում:
«Նա մեծ է մայրիկից և հաճախ խանդում էր նրան, անգամ հիվանդների նկատմամբ: Առիթները ստեղծում էր հենց այնպես, իրականում դրանց համար ոչ մի հիմք չկար»,- ասել է որդին:
Այս վարկածը հաստատում են նաև հարևանները, որոնք նշել են, որ լավ ընտանիք էր, չէին ծխում, չէին խմում, սակայն հաճախ էին վիճում:
Gazeta.ru կայքը նշում է, որ հիվանդները շատ գոհ էին Հովհաննիսյանից, համացանցում նրա գործունեությունը գնահատվում էր գրեթե 5 աստղով: