«Մեզ հետաքրքիր են մարդկային ռեսուրսները». «Յուքոմը» ցանկանում է ավելի մեծ տեխնոլոգիական զարգացում ապահովել մեր երկրում
SocietyԼուրերն այն մասին, որ «Յուքոմ» ընկերությունը ցանկանում է գնել «Վեոն Արմենիան», որն առավել հայտնի է «Բիլայն» ապրանքանիշով, սկսեցին շրջանառվել դեռևս նախորդ տարեվերջին։ Արդեն 2019 թվականի դեկտեմբերի 30-ին «Յուքոմը» դիմեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ գործարքի թույլտվությունը ստանալու համար, իսկ փետրվարի 11-ին տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսեց ընկերությունների միավորման կամ գնման հայտի քննարկումը։
Ներկայումս «Յուքոմի» հայտի քննարկումը վերջնական փուլում է։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին օրերս տեղեկացրել էր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ Նա նշել էր՝ չնայած քննարկումները դեռևս չեն ավարտվել, բայց իրենք ընկերություններից արդեն իսկ ստացել են իրենց անհրաժեշտ տարբեր տվյալներ և հիմա քննարկումների վերջնական փուլում են։ ՏՄՊՊՀ նախագահը նաև ընդգծել էր՝ ընկերություններից մեծ ծավալի տեղեկատվություն են պահանջել՝ ճիշտ որոշում կայացնելու համար։ «Վերլուծությունների մի մասն արդեն արված է, բայց որոշումը դեռևս կայացված չէ, քանի որ սպասում ենք որոշ տվյալների ներկայացման ևս»,-ասել էր Գևորգյանը՝ հավելելով, որ ստուգվում է ենթակառուցվածքների, ընկերությունների կողմից տարված աշխատանքի, գործընկերների և այլ հարցերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը։
Ընդհանուր առմամբ, հայտի ուսումնասիրման համար հանձնաժողովն ունի 90 օր ժամանակ։ «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը տարբեր առիթներով նշել է, որ ընկերությունների համակենտրոնացումը թույլ կտա էլ ավելի բարելավել մատուցվող ծառայությունների որակը, երկու ընկերություն կարող են մեկ ցանցով բազային ծառայություններ մատուցել, արդյունքում և՛ շահույթով աշխատել, և՛ որպես տնտեսվարող լինել ավելի կայուն:
Իսկ հարցերին, թե «Բիլայնի» հատկապես ո՞ր ծառայությունն է ավելի հետաքրքիր «Յուքոմի» համար, Եսայանը մշտապես նշում է․ «Ոչ մեկը, որովհետև մենք ունենք բոլոր ծառայությունները։ Մեզ հետաքրքիր են մարդկային ռեսուրսները, ցանկանում ենք հնարավորություն ունենալ երկրում էլ ավելի մեծ տեխնոլոգիական զարգացում ապահովել։ Բացի դա, այս գործարքի հաջողման պարագայում հնարավորություն ենք ունենալու օգտվել մարդկային այն ներուժից, որն առկա է այնտեղ»,-ընդգծում է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։