Սրճարաններից շատերը ևս պատրաստ են օրենքի ընդունմանը
SocietyՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը և հարակից ևս չորս օրենքներ: Դրանցով, արդեն օրենքով արգելվում է ծխելը հանրային փակ տարածքներում, ինչպես նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում:
Օրենքների ընդունման հիմնական նպատակը աշխարհից հետ չմնալն է ու նրան հասնելը, որ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործմումն ու սպառումը նվազի, և դրանով իսկ պաշտպանվի բնակչության առողջությունը: «Մեր կյանքում շատ գործողություններ պայմանավորում ենք ընտանիքով, մեր երեխաներով ու նրանց ապագայով: Դա մենք անում ենք մեր ներքին համոզմամբ, մեր ներքին պահանջով, մեր ազգային արժեքներին հավատարիմ: Չծխելով՝ մենք ևս մեկ քայլ ենք անում ի պաշտպանություն ընտանիքի, ի պաշտպանություն մեր գենոֆոնդի: Չեմ կարծում, թե այնտեղ, որտեղ նախ մեր սթափ մտածելու կարիքը կա, առաջին հերթին օրենսդրական կարգավորում է պետք: Իհարկե, օրենքը գծում է որոշակի սահմաններ, որոնց պետք է ենթարկվել: Սակայն ձեզնից յուրաքանչյուրի որոշումն է՝ մտածե՞լ, թե՞ չմտածել ձեր, ձեր ընտանիքի, մեր ժողովրդի, մեր երկրի առողջության մասին: … Փորձենք ապրել ավելի առողջ կենսակերպով: Առողջությունը ցանկացած տեսակի՝ մտավոր, ֆիզիկական թե հոգևոր գործունեության հաջողության երաշխիք է»,- ասել է նախագահ Սարգսյանը: Ի դեպ, մեր հարցումները ցույց տվեցին, որ մեկ տարուց ավելի ձգվող հակածխախոտային պայքարը բավական հաջողությամբ է ընթանում: Եվ մտավախությունը, թե ծխող հաճախորդներին նման արգելք ներկայացնելու պատճառով կարող է սրճարանի այցելությունների թիվը պակասել փարատվել է:
Սրճարանատերերը Orer.am-ի հետ զրույցում նշեցին, որ հակածխախոտային պայքարի տարածումից հետո հաճախորդներն իրենք են գիտակցաբար մոտենում հարցին և հրաժարվում են փակ տարածքներում ծխել: