Ավիկ Դերենց. Բանաստեղծական ընտրանի (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)
Culture«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:
ԱՎԻԿ ԴԵՐԵՆՑ
ՍՐԲԱՏՈՒՆՍ
Այս սուտ դրախտում
Արթուն կարոտդ
Փաթաթվում է ինձ՝
Որպես տաք վերմակ...
Ու ես քնում եմ
Հավատիս բարձին,
Երկի՛ր հեռավոր,
Օրորներիդ տակ...
Այս սուտ դրախտում
Որոնում եմ ես
Ոտնահետքերս,
Որ քեզ մոտ թողի...
Դրանք իմ հույսի
Նավերն են, Երկի՛ր,
Որ գամերի պես
Դաջվել են հողիդ...
Այս ժխորի մեջ
Ես միշտ կլսեմ
Քո հառաչանքի
Շշուկները հին...
Ինձ կուրացնում է
Լույսի հեղեղը. Փարոսս մնա
Իմ ճանապարհին...
ԱՇՆԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Ամեն մի տերև Ճակատագիր է.
Դողում է ծառին,
Դեղնել չի ուզում։
Որքան էլ պարի,
Ասի՝ թիթեռ եմ,
Երակներում կա
Ավարտի սզուն...
ՍԻՐԱՐԲՈՒՄ
Աչքերի սովը
Որոնում է միշտ
Հոգին տաք պահող Գեղեցկությունը։
Եվ լավ է, որ այդ
Փնտրտուքի մեջ
Կարոտի ճամփան
Մնում է նույնը...
ՄԻ ՔԻՉ ԵՐԱԶ
Արարումիս
Պահերին
Ես արքա եմ
Թագակիր.
Իմ դղյակում
Հազար հավք
Կա երգասաց...
Պատկերներ են
Սրահներում Իմ հուշերի,
Որտեղ սերը Թևածում է՝ Հանց հրեշտակ...
Ես հարուստ եմ
Երկնապարգև
Ինձ տրվածով,
Տիեզերքը
Պատուհանից
Մոտ է թվում,
Հասանելի...
Անգամ երբ որ
Լույս է լինում,
Իմ ճախրանքը
Ունենում է Աստղահանդես...
Ներող եղեք,
Եթե քիչ եմ
Հողին իջնում.
Վախենում եմ՝
Անհուսության
Ճիրաններում
Փոշիանամ
Գահավիժող
Ասուպի պես...
ՄԱՐԴԻ՛Կ, ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ
Մենակ եմ հիմա, մենակ այս գիշեր,
Բայց դուք ինձ հետ եք, ո՜վ ազնիվ մարդիկ,
Իմ երգերի մեջ հիշում եմ ես ձեզ,
Ու լռությունն է իջնում անուրջիս...
Մենակ չեմ հիմա, զի ներսն իմ լազուր
Լցված է սիրով ձեր եթերային,
Հոգիս այս գիշեր նվիրած Աստծուն՝
Գնաց ավետիս տալու աշխարհին։
Միտքս աղոթքի ջահով բռնկված՝
Գնաց աշխարհի ցավն ամոքելու,
Զմրուխտ լեռների քնքշանքին տրված՝
Ուր որ է սրտանց ձեր գիրկն է գալու։
Սիրտս ուզում է ձեզ սեր շռայլել,
Ասեք, ձեզ որտե՞ղ որոնեմ, մարդի՛կ,
Կյանքը խայտանք ու սեր է հարատև,
Երբ մարդը մարդուն սիրում է անբիծ։
ԾԱՂԿԱԶԱՐԴ
Պսակը հյուսեք
Ուռենու ճյուղից.
Օրհնյալ կիրակին
Գարնանաբույր է,
Խորհուրդ է ծեսի...
Այսօր հարսներ եք,
Սիրելինե՜ր իմ.
Կանչում է օրը Ծիսական ու վեհ
Ծաղկահանդեսի...
Խնկաբուրմունքով
Կօծվեք ի վերուստ.
Աղոթակիր է
Երկինքը Տիրոջ...
Ամպերի գրկում
Հրեշտակներ կան.
Ամեն մեկի մեջ,
Իր մոմը վառվող
Պատկեր է կնոջ...
Զանգակաձայն ես
Ու պսակակիր,
Օրհնա՜լ լինես, օ՛ր.
Կանաչ է հագել
Տիեզերքը ողջ։