«Սերմերը տարբեր տուրքերով թանկացնել չի կարելի, վաղը գյուղացին դա էլ չի բերի». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանն ասում է, որ գյուղատնտեսության համար առայժմ նորմալ եղանակ է։ «Տարին անսպասելի որևէ խնդիր չի առաջացրել, մի քիչ տեղումներն են պակասել։ Օրինակ՝ այսօր ոռոգման համակարգի խնդիր ունենք Շիրակի տարածաշրջանում, հատկապես ՀԷԿ-երի հետ կապված։ Գյուղացիները որոշել էին անգամ կտրուկ գործողությունների դիմել, ապամոնտաժել դրանք, ուղղակի մարզպետը մեկ-երկու օր ժամանակ է խնդրել հարցերը կարգավորելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բերբերյանը։
Նա ընդգծում է՝ բերքատվության մասին խոսելը դեռ վաղ է։ «Տարին նորմալ է պտղաբուծության համար։ Եթե եղանակն անսպասելի «նվերներ» չմատուցի գյուղատնտեսությանը, ուրեմն կունենանք կայուն բերքատվություն՝ շեշտում եմ պտղաբուծության հետ կապված։ Իսկ եթե ունեցանք ցրտահարություններ, բնականաբար, պատկերն այլ կլինի։ Ի դեպ, բարձր է կարկտահարության և ցրտահարության ռիսկայնության տոկոսը։ Սա ասում եմ՝ իմ անձնական փորձից ելնելով»,-նշում է մեր զրուցակիցը։
Կորոնավիրուսը գյուղատնտեսական ապրանքների ներմուծման և արտահանման հետ կապված դեռ խնդիրներ չի առաջացրել, սակայն Բերբերյանը սերմնացուի հետ կապված մեկ այլ մտահոգության մասին է բարձրաձայնում։ «Իմ ծանոթները, որոնք իրենց սերմնացուն ստացել են Եվրոպայից, տեղեկացնում են, որ մաքսազերծման գինը կրկնակի ավելացել է։
Եթե, օրինակ՝ անցած տարի 20 կգ սոխի սերմի համար գյուղացին վճարել է 300 հազար դրամ, այս տարի 5 կգ-ի համար՝ վեց հարյուր հազար դրամ։ Պետտուրքերի անվան տակ գյուղացուն թալանում են։ Եվրոպական սերմերը գենետիկ չեն և բարձր վերարտադրություն ունեն։ Դրանք կապահովեն մինչև 100 տոննա սոխի բերք՝ մեկ հեկտարից։ Դա գյուղացու համար շահութաբեր է, բացի դա, կարևոր է, որ փակում ենք դեպի Հայաստան պարսկական և ռուսական սոխի ճանապարհը։
Կարծես թե, վերջին 2-3 տարում վերականգնում ենք սոխի սեփական արտադրությունը։ Սա նաև մեր միավորման աշխատանքի արդյունքն է։ Փորձում ենք նաև կարտոֆիլագործությունը ոտքի կանգնեցնել, համոզված ենք, որ կհաջողենք»,-ասում է Բերբերյանը։ Նա նշում է, որ մաքսային մարմինները պետք է հասկանան՝ գյուղացին սերմը ստանում է ոչ թե վաճառելու, այլ ցանելու համար։
«Սա արտադրության միջոց է։ Սերմերը տարբեր տուրքերով թանկացնել չի կարելի, վաղը գյուղացին դա էլ չի բերի։ Այդ դեպքում ի՞նչ պետք է անեք։ Սա այն դեպքում, երբ գյուղացին պետությունից որևէ օգնություն չի ստացել։
Այդ սուբսիդավորում ասվածը գյուղացին չի տեսնում։ Խոսվում է գյուղապահովագրության մասին, բայց այսօր շատ քիչ քանակով մարդիկ են ապահովագրել իրենց բերքը։ Ապահովագրությունն, իմ անձնական կարծիքով, ձախողվելու է, գումարներն էլ մսխվելու են, եթե, իհարկե, պետությունը չգնա նրան, որ ամեն տարի դոնոր հանդիսանա և ապահովագրությանը գումար հատկացնի»,-նշում է ՀԿ-ի նախագահը՝ ընդգծելով, որ եթե ծրագրերն արվեին գյուղացու համար, իրենք կողջունեին, բայց դրանք իրականացնում են մի խումբ «միջնորդներ», և կա մտավախություն, որ ծախսվող գումարների մի մասը բաժին է հասնելու նրանց։
Բերբերյանն ընդգծում է՝ ոռոգման համակարգի բարելավումը խնդիր է հանրապետության ողջ տարածքի համար և այն հրատապ լուծում է պահանջում։ «Մեր ֆերմերներն այս տարի մոտ երեք հեկտար կարտոֆիլի վարելահողեր են ավելացնում, բայց, օրինակ՝ Շիրակի գոտում հակառակ պատկերն ենք տեսնում։ Տեսեք, եթե հողերը չոր մնացին, ոռոգման համակարգի հարցը չլուծվեց, ապա թե՛ կարտոֆիլի, թե՛ կաղամբի, թե՛ գարնանացանի հողատարածքները շեշտակի կպակասեն։ Եթե ապահովագրական ընկերությունը Շիրակում ապահովագրեց բերքը, ոռոգումը նորմալ չեղավ, ապահովագրական գործակալությունը սնանկանալո՞ւ է։
Ի՞նչ ապահովագրության մասին ենք խոսում, եթե գյուղացիները շատ դեպքերում ոռոգման ջրից զրկված են։ Նույնը վերաբերում է նաև հակարկտային անարդյունավետ ծառայությանը։ Վարչապետը պետք է հասկանա, որ գյուղատնտեսությանը մատների արանքով նայելը միայն գյուղատնտեսության և գյուղացու վերջը չէ, այլ՝ շատերի»,եզրափակում է Հրաչ Բերբերյանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում