Չինաստանում կորոնավիրուսից բուժվել է վարակվածների գրեթե 84%-ը
International newsՉինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն ամեն օրվան զուգընթաց նվազում է, ներկայում հիվանդանոցներում է մնում 9898 մարդ, միևնույն ժամանակ վարակվածների գրեթե 84%-ը առողջացել է: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի տվյալներին:
Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով ախտահարման դեպքերի գրանցված թիվը մայրցամաքային Չինաստանում հասել է 80 060-ի, որից 67 749-ը բուժվել է և դուրս գրվել հիվանդանոցներից: Այս թիվը կազմում է ընդհանուր գրանցված դեպքերի 83,78%-ը:
Ամբողջ Չինաստանում, բացառությամբ Հուբեյ նահանգի, գրանցվել է վարակման 13 062 դեպք, մահացել է 114 մարդ, մահացությունը կազմել է 0,87%: Մինչդեռ Հուբեյ նահանգում, որը համաճարակի էպիկենտրոնն էր, գրանցվել է վարակման 67 798 դեպք, մահացել է 3099 մարդ, մահացությունը կազմել է 4,57%: Ուհան քաղաքում մահացությունը կազմել է 4,93%: Ընդհանուր առմամբ համաճարակը Չինաստանում խլել է 3213 մարդու կյանք, մահացությունն ամբողջ երկրում կազմել է 3,97%:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը անցել է 153 000-ից, մահվան դեպքերը` 5700-ից: