Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների գրեթե 90 տոկոսը
International newsՉինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդների թիվն օրեցօր նվազում է, ներկայում հիվանդանոցներում բուժում է ստանում 5 120 մարդ, ընդ որում՝ ընդհանուր վարակվածների գրեթե 90 տոկոսն առողջացել է: Այդ մասին վկայում են ՉԺՀ-ի առողջապահության հարցերի պետական կոմիտեի տվյալները, գրում է ria.ru-ն։
Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը կազմում է 81 093, որոնցից 72 703-ը բուժվել են և դուրս են գրվել հիվանդանոցներից, ինչը կազմում է վարակակիրների ընդհանուր թվի 89,65 տոկոսը:
Համաճարակի սկսվելուց ի վեր ամբողջ Չինաստանում (բացառությամբ Հուբեյ նահանգի) գրանցվել է վարակման 13 293 դեպք, որոնցից 117-ը՝ մահվան ելքով, մահացությունը կազմել է 0,88 տոկոս: Համաճարակի օջախ Հուբեյ նահանգում հայտնաբերվել է վարակման 67 800 դեպք, 3153 մարդ մահացել է, մահացությունը կազմել է 4,65 տոկոս:
Ընդ որում` Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում մահացությունը կազմել է 5 տոկոս։ Ընդհանուր առմամբ համաճարակը Չինաստանում 3270 մարդու կյանք է խլել․ մահացությունը երկրում կազմել է միջինը 4 տոկոս։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: