Ինչպիսի՞ն է բժշկական դիմակների եւ ալկոգելի հետ կապված իրավիճակը Հայաստանում
EconomicsՀայաստանում ալկոգելի արտադրության ծավալն աճել է: Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը: «Եթե վաղ փուլերում դեղատներում ալկոգելի դեֆիցիտ կար մեկ օրվա ընթացքում մեծ պահանջարկի պատճառով, ապա այժմ ավելցուկ է, այդ թվում նաեւ` ալկոգել արտադրող ընկերություններում:
Մենք ուղիղ կապի մեջ ենք նրանց հետ: Մեծածախ գները բարձրացել են մի քանի դրամով` դոլարի տատանումների պատճառով, սակայն այդ ամենը չի ազդել ալկոգելի գնի վրա»,- ասաց պաշտոնյան:
Նա հավելեց, որ Հայաստանում բժշկական դիմակների գների բարձրացումը բացատրվում է համաշխարհային շուկայում գների բարձրացմամբ, որոնք ամեն օր տատանվում են, իսկ ներմուծողի համար դա մեծ ռիսկ է: «Չինաստանից ներկրվող խմբաքանակը 2 օրվա ընթացքում կհասնի Հայաստան»,- պարզաբանեց Գեղամ Գեւորգյանը: Եթե պարզվի որը, 20 դրամով ներմուծված դիմակը վաճառվում է, օրինակ, 200 դրամով, ապա այդ տնտեսվարող սուբյեկտը, ըստ Գեւորգյանի, պատասխանատվության կենթարկվի: «Հայաստանում որոշ կարի ձեռնարկություններ, անհրաժեշտության դեպքում, պատրաստ են անցնել դիմակների արտադրությանը: Ինչ վերաբերում է մեծ մասշտաբով դիմակների ներմուծմանը, ապա դա արդեն բիզնեսի խնդիրն է, սակայն, կարծում եմ, որ շուտով դիմակների պահանջարկը կնվազի ամբողջ աշխարհում»,- եզրափակեց նա: