Իտալիայում COVID-19-ի զոհերի թիվը կարող է լինել շատ ավելի մեծ, քան հաղորդվում է․ WSJ
International newsԻտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ այդ երկրում ոչ բոլոր մահացածներն են համապատասխան թեստ անցել, գրում է Wall Street Journal թերթը:
«Մահացածներն ավելի շատ են, քան պաշտոնապես հայտարարվում է։ Բայց սա մեղադրանք չէ ։ Մարդիկ մահացել են: Նրանց երբեք չեն ստուգել, քանի որ ժամանակը և ռեսուրսները սահմանափակ են», - պարբերականը մեջբերում է իտալական Կոկալյո քաղաքի փոխքաղաքապետ Էուջենիո Ֆոսատիի տեսակետը։
Ինչպես նշում է հրատարակությունը, կորոնավիրուսի թեստավորումը հիմնականում սահմանափակվում է այն մարդկանցով, որոնք ունեն հիվանդության ախտանշաններ, իսկ նրանք, ովքեր չունեն ախտանշաններ, թեստեր չեն հանձնում:
«Շատերը, որոնք մահացել են և թեստ չեն հանձնել, տարեց մարդիկ են, բայց սովորաբար միաժամանակ այսքան շատ մարդ չի մահանում: Մահերը կորոնավիրուսի հետևանքով են», - կարծում է իտալական Բրեշիա քաղաքից բժիշկ Էլեոնորա Կոլոմբին, որի խոսքը մեջբերում է պարբերականը։
Իտալիան առաջին տեղն է զբաղեցնում Եվրոպայում կորոնավիրուսի տարածմամբ և զոհերի քանակով։ Համավարակի սկսվելուց ի վեր Իտալիայում նոր կորոնավիրուսի զոհ է դարձել 13 155 մարդ, արձանագրվել է վարակման 110 574 դեպք։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 936 045 դեպք, 47 245-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 194 576 մարդ։