«Մասնագիտական պատրաստվածության, քաղաքական գիտակցության, էթիկայի, երբեմն նաև էսթետիկայի մեծ դեֆիցիտ կա». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Էֆեկտիվ կառավարման, խոսքի կարևորության, համախմբման և մի շարք անհրաժեշտությունների մասին է մատնանշում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, որի հետ զրուցել ենք պատասխանատվության, ոչ ստանդարտ իրավիճակներում ավելի ցայտուն արտահայտվող խնդիրների, ինչպես նաև մի շարք օրինաչափությունների մասին, որոնք երբեմն անտեսվում կամ խախտվում են:
Արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների վերաբերյալ խնդիրները թողնելով մասնագետների քննարկմանը՝ Ստեփան Դանիելյանն անդրադարձավ մասնավորապես կառավարման էֆեկտիվությանը:
«Էֆեկտիվ կառավարման առումով ակնհայտ խնդիրներ կան։ Կառավարությունում և իշխող ֆրակցիայում չգտնվեց գեթ մեկ մարդ, որը կկարողանար հանրությանը խոսք ասել: Իսկ այդ խոսքի կարիքն անշուշտ կա։ Այսպիսի ժամանակներում կարևոր է հանրությանը կազմակերպել, ոգևորել, բացատրել։
Բայց, այդուհանդերձ, մենք շատ դեպքերում հակառակ պահվածքն ենք տեսնում՝«ախտազրկել ընդդիմադիրներին» և նմանատիպ այլ արտահայտություններ են հնչում: Մասնագիտական պատրաստվածության, քաղաքական գիտակցության, էթիկայի, երբեմն նաև էսթետիկայի մեծ դեֆիցիտ կա այսօրվա իշխանության ներկայացուցիչների մոտ։ Բայց, բնականաբար, նման դրսևորումների համար պատասխան տալու ժամանակը գալու է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Դանիելյանը:
Քաղաքագետն էֆեկտիվ կառավարման խնդիրների, ինչպես նաև վերոնշյալ դրսևորումների մեջ ավելի խորքային պատճառներ է տեսնում, որոնք չեն տեղավորվում միայն ընդդիմախոսներին չլսելու, քննադատությունները հաշվի չառնելու տրամաբանության մեջ:
«Երբ մարդիկ առանց որևէ փորձի ու գիտելիքի փողոցից հայտնվում են կառավարման ամենաբարձր օղակներում, ապա այլ բան սպասել պետք չի։ Այլ հարց է, թե որքա՞ն ժամանակում կսովորեն կամ էլ առհասարակ չեն սովորի։ Բայց, այնուամենայնիվ, կա տպավորություն, որ մենք փորձարկումների համար նախատեսված ճագարների դերում ենք հայտնվել»,-ասաց մեր զրուցակիցը:
Այս համատեքստում դիտարկելով նաև նախորդ շաբաթվա ընթացքում Ազգային ժողովում տեղի ունեցած որոշ քննարկումները, իշխանության ներկայացուցիչների վարքագիծը, Ստեփան Դանիել յանը շեշտեց ավելի լայն՝ միանձնյա կառավարման խնդրի մասին:
«Առհասարակ, միանձնյա կառավարումը միշտ էլ ցայտուն է եղել։ Մեկ անձ է ձևավորել խորհրդարանը և կառավարությունը։ Բնականաբար, Նիկոլ Փաշինյանին պարտական են և՛ դիրքի, և՛ պարգևավճարների համար։
Չեմ կարծում, որ կգտնվեն մարդիկ, որոնք ինչ-որ հարցում կկարողանան կամք դրսևորել ու պաշտպանել սեփական տեսակետը»,շեշտեց նա՝ ընդգծելով, որ քաղաքական իրական պատկերը փոխվել է, և ներկայիս խորհրդարանը չի արտահայտում ներկայիս քաղաքական խճանկարը։ Ընդգծեց՝ դժվար է անգամ ասել, թե ով է մեծամասնությունը, ով՝ փոքրամասնությունը:
«Այս հանգամանքն իր հերթին արդեն իսկ ցնցումներ պարունակող խնդիր է։ Երբ համաճարակով պայմանավորված այս իրավիճակն անցնի, կարծում եմ, ակտիվ քաղաքական կյանք կսկսվի»,-նկատեց քաղաքագետը:
Մինչ այդ՝ այս փուլում Ստեփան Դանիել յանը համախմբման կարևորության մասին է ընդգծում, խոսում նաև այդ առումով ունեցած պատասխանատվության մասին:
«Պատասխանատվությունը միշտ էլ իշխանությանն է, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակ պատասխանատվություն է կրում։ Դա շատ ծանր բեռ է։
Այդուհանդերձ, մենք, բնականաբար, պետք է համախմբվենք այս ծանր փուլը հաղթահարելու համար։ Հիմա ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու ժամանակը չէ, բայց, իհարկե, դրա ժամանակն էլ կգա։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով այսօրվա վիճակը, պետք է ենթարկվենք կառավարության որոշումներին, եթե անգամ դրանք սխալ են։ Պատերազմում հրամանատարի որոշումները չեն վիճարկում, սակայն մարտից հետո սկսվում են քննարկումները, նաև սխալների համար պատժի կիրառումը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ մենք այսօր նմանատիպ իրավիճակում ենք, և այս պարագայում համախմբվածությունը առավել քան անհրաժեշտ է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում