Մարտի 12-ին դիմել ենք Կառավարություն, որ սառեցվեն մեր վարկերը, կամ այլ աջակցություն ցուցաբերեն, գրեթե 40 օր անցել է, արձագանք չկա. Արմեն Աբգարյան (տեսանյութ)
TVՄարտի 12-ին դիմել ենք Կառավարություն, որպեսզի կա´մ սառեցնեն մեր վարկերը մեկ տարի ժամկետով, կա´մ աջակցություն տրամադրեն, 40 օր գրեթե անցել է, սակայն ոչ մի պատասխան չունենք, այս մասին բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց զբոսաշրջային փոխադրումներ կազմակերպող ընկերություններից մեկի տնօրեն Արմեն Աբգարյանը:
Նրա խոսքով՝ վերջին 20-30 տարիների ընթացքում տուրիստական տրանսպորտի ոլորտը բավականին մեծ զարգացում է ապրել Հայաստանում, ունենք տարածաշրջանում ամենալավ տրանսպորտային պարկը, որը կարող է մրցել ցանկացած զարգացած եվրոպական երկրի հետ:
Նա նաև նշեց, որ իրենք պահանջում են, որպեսզի մեկ տարով սառեցվի իրենց վարկերը: «Խոսքը միայն վարորդների մասին չէ, կան անհատ ձեռնարկատերեր. կան մեծ տրանսպորտային ընկերություններ, որոնք ունեն մի քանի հազարից սկսած, մինչև մի քանի հարյուր հազար դոլարի վարկային պարտավորություններ: Բանկերն իրենց կողմից 2 ամսով հետաձգել են վարկային պարտավորությունները, ոմանք այն պայմանով, որ երրորդ ամսին պետք է բոոլոր տոկոսները մարվեն, ոմանք՝ այդ երկու ամսին կավելացնեն ևս երկու ամիս»,- նշեց նա:
Արմեն Աբգարյանը նկատեց, որ ըստ մասնագետների, ոլորտը կվերականգնվի լավագույն դեպքում 1.5-ից 2 տարվա ընթացքում: «Մենք մարտի 12-ին դիմել ենք Կառավարություն՝ կա´մ սառեցնել մեր վարկերը մեկ տարի ժամկետով, կա´մ ցույց տալ աջակցություն, 40 օր գրեթե անցել է, ոչ մի պատասխան չունենք Կառավարոթյունից: Տպավորություն է, որ տուրիզմի մեջ տրանսպորտային ոլորտը բացարձակ գոյություն չունի, աջակցություններ կան ցանկացած ոլորտին, բայց տուրիստական տրանսպորտը, առանց որի չի կարող գոյություն ունենալ ոչ մի տուրիզմ ընդհանարապես, դրա մասին խոսակցություն չկա»,- ասաց նա:
«Մենք մեր պետությունից ակնկալում ենք աջակցություն՝ բանկային այս պարտավորությունների մեկ տարվա ժամկետի համար, մեզ օգնեն: Առնվազն մեկ տարի մենք 0 եկամուտ ենք ստանալու»,- շեշտեց նա:
Արմեն Աբգարյանը նաև նշեց, որ ընկերություն կա սպասարկում է 150,000-250,000 դոլարի վարկ: «Մեզ նաև տվել են Կառավարության 5 հեռախոսահամար, և մեր հեռախոսազանգերին չեն պատասխանում, եթե աջակցություն չունենանք գնալու ենք սնանկացման պրոցեսի»,- ասաց նա: