Ուզեն թե չուզեն, շուտով պետք է հաշվի նստեն իրողությունների հետ․ «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել, որպեսզի լրանա կառավարության պաշտոնավարման 2 տարին։ Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե այս հանգամանքը պետք է նշանակալից դերակատարություն ունենա, որպեսզի կառավարությունը ցույց տա, թե հանրության կյանքում ինչ դրական փոփոխությունների ու բարելավումների են իրենք կարողացել հասնել։
Եվ իրոք, սրանից էլ լավ առիթ կառավարության գործունեության արդյունքներն ամփոփելու և սեփական բարձր վարկանիշն ի ցույց դնելու համար չի կարող լինել, սակայն, ինչպես երևում է, գործադիրը և նրա ղեկավարը կարծես թե դիսկոմֆորտի մեջ են։
Ճիշտ է՝ մի կողմից համավարակով պայմանավորված արտակարգ դրությունը և դրա արդյունքում առաջ եկած տնտեսական ճգնաժամը հաղթահարելու հարցն է, բայց մյուս կողմից էլ հանրային տրամադրություններում լուրջ փոփոխություններ են նկատվում։ Ներկայիս իշխանությունները չունեն այն վստահության պաշարը, ինչ ունեին երկու, նույնիսկ մեկ տարի առաջ։
Իսկ իշխանությունների վստահության պաշարի նվազումը առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ հանրությունն ավելի մեծ ակնկալիքներ ուներ Նիկոլ Փաշինյանից և նրա թիմակիցներից, քան իրականում նրանք կարող էին դրանք իրականություն դարձնել։
Եվ հանրային տրամադրություններում նկատվող փոփոխությունները լուրջ ահազանգ են իշխանությունների համար, որպեսզի լարեն իրենց ուժերը ներկայիս ճգնաժամային իրավիճակից սահուն դուրս գալու համար։
Բացի այդ, եթե իշխանություններն ուզում են, որպեսզի հանրության հիասթափությունն ավելի չխորանա, ապա պետք է լիովին անկեղծ լինեն հասարակության հետ, ընդունեն իրենց բացթողումները և աշխատեն ուղղել դրանք։
Իսկ ի՞նչ մոտեցում է որդեգրել կառավարությունը այս հարցում։ Պատահակա՞ն է արդյոք, որ վարչապետ Փաշինյանը մի ողջ ուղիղ եթեր է նվիրում «մեծ հիասթափությանը» և խոսում նաև որոշակի բացթողումների ու դրանց ուղղությամբ կատարվելիք աշխատանքների ուղղությամբ, իհարկե՝ ոչ։
Փաշինյանը, որպես կանոն, նախընտրում է իր ուղիղ եթերները նվիրել ունեցած ձեռքբերումների լուսաբանմանը և ընթացիկ հարցերի քննարկմանը, սակայն բովանդակության կտրուկ փոփոխությունը փաստում է, որ Փաշինյանը սկսել է գիտակցել, որ հանրության շրջանում հիասթափություն կա։
Թեպետ, այստեղ պետք է շեշտել, թե ինչ շրջանակներում է հիասթափությունը, քանզի հիասթափություն կարող են ունենալ նրանք, որոնք նախկինում կա՛մ հիացած են եղել, կա՛մ գոնե հույսեր են ունեցել:
Ամենայն հավանականությամբ, այդ դժգոհությունները արտակարգ դրությունից հետո իրենց դրսևորումները կունենան ցույցերի և բողոքների տեսքով, քանի որ երկրի սոցիալտնտեսական դրությունը գնալով վատանում է, տնտեսության որոշ ոլորտներում գործունեությունն ուղղակի կանգնած է, իսկ այդ ճյուղերի վերականգնման համար մեծ ժամանակ է պահանջվելու։ Արդյունքում կրճատվում են աշխատատեղերը, և հազարավոր մարդիկ մնալու են առանց աշխատանքի։
Սակայն Փաշինյանը, տեղյակ լինելով այս ամենից, այլ մեթոդի է դիմում։ Նա խոսում է ոչ թե ժողովրդի շրջանում առկա հիասթափությունից, այլ ընդգծում է իր քաղաքական հակառակորդների և հանրության որոշակի շատ նեղ շերտերի հիասթափության մասին։ Դրանով վերջինս լուծում է այն խնդիրը, որ եթե վաղը քաղաքացիները բողոքի դուրս գան կառավարության առջև, ինքը հայտարարի, թե դա իր նշած խմբերի հիասթափության արդյունք է, այլ ոչ թե ժողովրդի։
Սակայն նորից նշենք, որ այդ շրջանակները չեն կարող հիասթափված լինել, քանզի հույսեր չեն էլ ունեցել, էլ չասենք «հիանալու» մասին: Ամենաուշագրավն այն է, որ իր ուղիղ եթերը նվիրելով «մեծ հիասթափության» մոդելավորմանը՝ Փաշինյանը մեկ խոսք անգամ չասաց ժողովրդի շրջանում առկա հիասթափության մասին։
Սակայն ինչքան էլ Փաշինյանը փորձի պարտակել հանրության շրջանում կուտակված դժգոհությունները և այն փորձի միայն մոդելավորել իր քաղաքական հակառակորդների վրա, միևնույն է, դրանք շուտով իրենց զգալ են տալու և կառավարությունը ստիպված է լինելու հաշվի նստել դրանց հետ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում