Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, երբ դրանից շահ ունենա․ թուրքագետ
AnalysisԱյսօր՝ ապրիլի 24-ին, ողջ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: 1915թ-ին տեղի ունեցած ոճիրը սպիացել, բայց չի մոռացվել: Հայաստանի Հանրապետության՝ Ցեղասպանությունը միջազգային ճանաչման հասցնելու ջանքերին զուգահեռ, Թուրքիան էլ իր հերթին ամեն կերպ փորձում է մոռացության մատնել և խեղաթյուրել պատմությունը: ԼՈՒՐԵՐ.com-ը երկու երկրների վարած քաղաքականության մասին զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ: «Եղեռնի հարյուրամյակն այն գագաթնակետն էր, որին աշխարհի բոլոր մասերում, իսկապես, պատրաստվել էին: Գիտության, մշակույթի, քաղաքականության, արվեստի ամենատարբեր բնագավառներում հայերն աշխարհին ստիպեցին խոսել հայերի մասին, ծանոթանալ հայերի պատմությանը, երգել հայերեն ու ճանաչել մեր ազգի ողբերգության մեղավորներին: Թուրքիան էլ իր հերթին, մանրակրկտորեն պատրաստվել էր հարյուրամյակին: Պատահական չէր, որ հենց այդ օրը նրանք որոշեցին Չանաքալեի ճակատամարտին նվիրված հարյուրամյակն անցկացնել՝ այն էլ առանց ժողովրդի»,-ասում է թուրքագետը և ցավով նշում, որ հարյուրամյակից հետո միշտ փոքր-ինչ փոխվում են և՛ գործողությունները, և՛ տրամադրվածությունը՝ պատմական փաստի վերաբերյալ: «Բարձրաձայնման առումով պասիվություն կա, բայց, միևնույնն է, մեր պայքարն ավարտվել չի կարող, ինչ էլ լինի: Թուրքական կողմը ևս քչացրել էր գործողությունները, որոնք միշտ տարվել են ընդդեմ Ցեղասպանության ճանաչման: Թուրքիան կրկին ակտիվացավ, երբ ԱՄՆ Սենատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Անմիջապես սրանից հետո թուրքական «դիվերսիան» վերսկսեց իր կոնկրետ պլանով առաջնորդվել, և ամենատարբեր ատյաններում, ամենատարբեր միջոցներով հերքել պատմությունը»: Իսպիրյանն, անդրադառնալով Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, նշեց, որ չնայած ճանաչման հարցում ունեցած մեր հաջողություններին, բազմաթիվ պետություններ սեփական շահով են առաջնորդվում, քանի որ Թուրքիան կարևոր խաղացող է տարբեր ոլորտներում, նրան հակադրվելը խնդիրներ է առաջացնում: Յուրաքանչյուր երկիր, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, արժանացել է սպառնալիքի, հաճախ նաև հետ են կանչվել դեսպանները: «Ի տարբերություն Ադրբեջանի, Թուրքիան հայերի դեմ արտաքին քարոզչությունն իրականացնում է ոչ բացահայտ և ավելի պրոֆեսիոնալ մակարդակում, իսկ ներքին քարոզչությունն, իհարկե, ակնհայտ է՝ դարն ի վեր կեղծված պատմությամբ, թշնամանքով ու ատելությամբ են լցված բոլոր պատմական գրքերն ու դասագրքերը, «հայ»-ը վիրավորանք է, հայ սիրելը՝ դավաճանություն»: Տարածաշրջանում և աշխարհում իրավիճակի չափազանց արագ ու անսպասելի զարգացումներին հղում անելով՝ թուրքագետը վստահեցնում է, որ Թուրքիան վաղ թե ուշ կանգնելու է երկընտրանքի առաջ՝ ընդունել ցեղասպանությունը, թե՝ ոչ: «Թուրքիան կճանաչի իր գործած ոճիրը, երբ դրանից օգուտ ու շահ ունենա: Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը, եթե ընդունելու դեպքում ավելի քիչ կորուստ ունենա, քան չընդունելու»,- հավելեց Անդրանիկ Իսպիրյանը: