Թեկուզ պրոֆեսիոնալ չլինեն, կարևորը «իրենցը» լինեն. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Երբ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ուղիղ եթերի ժամանակ մոդելավորում էր «մեծ հիասթափությունը», առանձնացրեց ընկերների ու բարեկամների այն շրջանակին, որոնք սպասում էին, որ իրենց կյանքում իշխանափոխությունից հետո պետք է փոփոխություն լինի, սակայն դա այդպես էլ տեղի չի ունենում։
«Արդյունավետ է այն իշխանությունը, որը առաջին հերթին կարողանում է սահմանափակել իր ընկերներին, բարեկամներին, մերձավորներին: Եվ ես կարծում եմ, որ այս առումով մենք նույնպես գործել ենք բավական արդյունավետ»- ընդգծում է Նիկոլ Փաշինյանը:
Մի կողմից` հասկանալի է, որ վարչապետը ցանկանում է ընդգծել, թե իրենց կադրային քաղաքականության հիմքում չի դրվել ընկերներին և բարեկամներին աշխատանքի տեղավորելը, արտոնություններ տրամադրելը, դրանով իրենք իբր տարբերվում են նախորդ իշխանություններից, սակայն վարչապետի դիտարկումներն իրականությունից հեռու են։
Իսկ եթե ընդհանուր լույսի ներքո ենք դիտարկում իրավիճակը, ապա լիովին պարզ է դառնում, որ գործող իշխանության ներսում և տարբեր պետական կառույցներում աշխատում են մարդիկ, ովքեր նշանակվել են «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով։
Եվ այս ընթացքում լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ են եղել, թե գործող իշխանությունների պաշտոնավարման ժամանակ «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով կոնկրետ ինչ նշանակումներ են կատարվել։
Մինչդեռ ընդդիմադիր Փաշինյանը ժամանակին հայտարարում էր. «Եկել է ժամանակը փակելու «խնամի-ծանոթ-բարեկամով» Հայաստանի էջը և բացելու քաղաքացիական Հայաստանի էջը»։
Սակայն նման կարգի հայտարարություններն իշխանափոխությունից հետո արագ մոռացվեցին, և արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմի ներկայացուցիչները իշխանության վերին էշելոններում հայտնվելուց հետո կառավարությունում սկսեցին տեղավորել իրենց ընտանիքի անդամներին, բարեկամներին, ընկերներին, ծանոթներին։
Արդյունքում պետական բարձր պաշտոններում նշանակվեցին մարդիկ, որոնք ոչ միայն պետական կառավարման ոլորտում որևէ փորձ չունեն, այլև չեն տիրապետում պետական համակարգի գործունեության նրբություններին։ Դրա համար էլ ժամանակ առ ժամանակ պետական համակարգում խնդիրներ են ստեղծվում։
Իսկ Փաշինյանը փորձում է գնդակը տեղափոխել այլ դաշտ՝ նշելով, թե պետական համակարգում իրենց դեմ սաբոտաժ է արվում և այլն։ Այնինչ խնդիրները ծագում են այն ժամանակ, երբ պետական համակարգում մեծ աշխատանքի փորձ ունեցող աշխատակիցների ղեկավար է նշանակվում մի անձնավորություն, որի ամենամեծ ձեռքբերումը թերևս, այսպես կոչված, հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի կողքով քայլելն է։
Փոխարենը դուրս են մղվում մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ են, սակայն «յուրային» չեն, այսինքն՝ նորից գործում է լևոնտերպետրոսյանական ժամանակների «պոլի փետ լինի, բայց մերը լինի» սկզբունքը:
Ստացվում է, որ կադրային քաղաքականության մեջ պրոֆեսիոնալիզմը առաջին տեղում դնելու փոխարեն, Փաշինյանն առաջնորդվում է միայն քաղաքական լոյալության և «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով։ Բնականաբար, Փաշինյանը չէր կարող իր բոլոր բարեկամներին, ընկերներին և ծանոթներին անխտիր տեղավորել պետական համակարգում։
Եվ բնական է, որ եթե ծանոթների, ընկերների և բարեկամների մի հատվածը տաքուկ տեղավորվել է պետական համակարգում, ապա մյուս հատվածը պետք է հիասթափվի Փաշինյանից։ Եթե խնդիրը դիտարկում ենք այս պրիզմայի ներքո, ապա Փաշինյանը որոշ չափով իրավացի է, որ իր ընկերների, բարեկամների ու ծանոթների որոշ հատվածը հիասթափվել է։ Այդ ինչո՞վ են պակաս նրանք բարեկամների, ծանոթների և ընկերների այն շրջանակից, որոնք պաշտոններ են ստացել։
Սակայն չի բացառվում, որ աստիճանաբար նրանք էլ տեղավորվեն: Մի կողմից՝ տեղեկություններ են շրջանառվում, որ «չիստկայի» նոր փուլ է սկսվում՝ այսպես կոչված, «Սերժի մնացորդներից» ազատվելու համար, որոնց տեղում կնշանակվեն հաջորդ էշելոնի «քայլողները», մյուս կողմից՝ արդեն իսկ 50 նոր հաստիք է ավելանում պետական կառավարման համակարգում:
Եվ սա՝ այն դեպքում, երբ խոսվում էր պետական կառավարման համակարգն առավել արդյունավետ դարձնելու մասին: Բայց սա արդեն «այլ օպերայից» է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում